Monday, July 18, 2011

Ովքեր են բանակի իրական թշնամիները

Բանակը մեր միակ հաղթաթուղթն է
«Լրագիր» 17-7-2011- Իր երկրի բնակչության թիվը տարեկան մեկ միլիոնով ավելացնող 73 միլիոն բնակչությամբ Թուրքիայի եւ 8 միլիոն բնակչությամբ Ադրբեջանի հարեւանությամբ բնակվող հայերից քչերն են պատկերացնում, թե Հայաստանն ազգային անվտանգության ինչ մարտահրավերների առջեւ է կանգնած եւ ավելի քչերն են գիտակցում, որ պետական ու հասարակական մարմիններից միայն ազգային բանակի շնորհիվ է, որ մենք ապահով ենք մեզ զգում:
Սակայն բանակի հեղինակությունն այսօր լրջորեն վտանգված է, եւ դրանում իրենց լուրջ «երախտիքն» ունեն ոչ միայն այդ համակարգի ներկայացուցիչները, այլեւ զինդատախազությունն ու դատարանները, դպրոցներն ու համալսարանները, հասարակությունը, մենք բոլորս:
Հայոց բանակը հեղինակազրկվում է յուրաքանչյուր զինվորի մահով, եւ ոչ միայն այն պատճառով, որ մեզ համար ցավալի է յուրաքանչյուրի կորուստը, այլ նրա համար, որ գրեթե բոլորը համոզված են, որ այս դեպքում եւս չեն բացահայտվելու եւ չեն պատժվելու իրական հանցագործները:
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն ամեն հինգշաբթի իրենց տղաների նկարները ձեռքներին գալիս են կառավարության շենքի դիմաց` պահանջելով պատժել մարդասպաններին: Որդեկորույս մայրերից ոմանք շուրջ 10 տարի անօգուտ պայքարում են արդարության հասնելու համար: 10 տարի նրանց որդիների մարդասպաններն ազատության մեջ են եւ 10 տարի ամեն հինգշաբթի հասարակությունը տեղեկանում է սպանված զինվորների ծնողների դժբախտությանը:
Տեսնես քննիչները, դատախազներն ու դատավորները գիտակցո՞ւմ են, որ իրենց անձնական շահից դրդված հանցագործներին թաքցնելով` լրջագույն հարված են հասցնում ազգային բանակին, որը մեր սահմաններն անառիկ պահելու խնդիր ունի: Անազնիվ քննիչի պատճառով այսօր ծնողներից շատերը մտածում են իրենց տղաներին բանակից ազատելու մասին, կաշառակեր դատախազի պատճառով հայ երիտասարդը պատրաստ է «գժի թուղթ» ունենալ, միայն թե բանակ չգնա, աչառու դատավորի պատճառով հասարակությունը կարող է հիասթափվել իր պաշտպանից: Վերոնշյալով բնավ չեմ փորձում արդարացնել բանակի անմիջական ղեկավարներին, նրանք իրենց պատասխանատվության բաժինն ունեն եւ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ապահովելու համար, սակայն այդ գործը գնալով ավելի ու ավելի կբարդանա, քանի դեռ մեր երիտասարդները գողական սերիալների ազդեցության տակ են մեծանում:

Ովքե՞ր են բանակ զորակոչվողները. երեկվա ուսանողներն ու աշակերտները, իսկ ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ կարելի է ակնկալել նրանցից: Անձամբ ես սովորել եմ մի դպրոցում, որտեղ բարձր դասարանում սովորող տղաների 10 տոկոսը իրական հանցագործներ էին, 30 տոկոսը` պոտենցիալ: Այդ իրական եւ պոտենցիալ հանցագործները զորակոչվել են բանակ, գուցե մի օր նրանցից մեկի անունը կարդամ թերթում` մահվան ելքով հերթական միջադեպի առնչությամբ:

Մի՞թե հնարավոր չէ նրանց հետ աշխատանք տանել նախքան բանակ զորակոչելը: Դպրոցներն ու համալսարաններն այս առումով տապալված եմ համարում, քանի որ երկու հաստատություններում էլ այնպիսի ծեծուջարդի եմ ականատես եղել, որ եթե նույնը կրկնվի բանակային պայմաններում, ապա անխուսափելիորեն մահվան ելքով կլինի:

Ընտանեկան անհաջող դաստիարակության եւ հատկապես հայկական հեռուստաալիքների շնորհիվ այսօր ունենք մի հասարակություն, որտեղ իրենց տեղը գտնում են «քցողներն» ու խուլիգանները, իսկ մտավորական տղամարդը հաճախ ծաղրանքի օբյեկտի է վերածվում: Դե, իսկ «քցողներից» ու խուլիգաններից ձեւավորված բանակում ինչպե՞ս խուսափել ողբերգական միջադեպերից:

Իսկ նման միջադեպերը ամենից շատ Ադրբեջանին ու Թուրքիային են ուրախացնում, որը չի հրաժարվել էքսպանսիոնիզմի գաղափարից, եւ որին այդ ճանապարհին ամենից շատ կրկին Հայաստանն է խանգարում:

Վատագույն տնտեսության վարկանիշով միայն Մադագասկարին զիջող, մեծ արտագաղթ, ժողովրդագրական ու ներքին բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի նախագահն այսօր, նստելով արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ, միակ իրական հաղթաթուղթը, որ կարող է օգտագործել, ազգային հզոր բանակն է, քանի որ թե հակառակորդը, թե միջնորդ երկրները լավ են հասկանում, որ թեեւ Հայաստանը եւ Արցախը փորքաթիվ բնակչություն ունեն, բայց կարողացել են ազատագրել իրենց պատմական տարածքները, եթե անգամ մեզ ագրեսոր էլ համարեն, դրանով իսկ խոստովանում են մեր ուժը, որովհետեւ ագրեսիա բանեցնելու համար ուժ է հարկավոր:

Իսկ մենք ինքներս օրեցօր հարվածում ենք այդ ուժին` միեւնույն ժամանակ չկարողանալով հզորացնել երկրի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ոլորտները: Այդ դեպքում տարիներ անց բանակցային սեղանին ի՞նչ հաղթաթուղթ կարող է դնել Հայաստանի նախագահը:

Արման Ղարիբյան

No comments: