Friday, July 15, 2011

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱՏՐՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ»

Հայտարարում է Թաներ Աքչամը եւ փոխադարձաբար մեղադրվում

«ԱԶԳ», 15-07-2011- Ամերիկաբնակ Թաներ Աքչամը այն հազվագյուտ թուրք պատմաբաններից է, որը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցին նվիրված ուսումնասիրություններ է կատարում, այլեւ թուրքական սպառնալիքներն անտեսելու գնով ամեն կերպ պայքարում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Անցյալ ամիս նա, մասնակցելով Արիզոնայի «Գլենդլ» հանրային գրադարանում կազմակերպված միջոցառմանը, ինչպես հուլիսի 13-ին նշել է «Միլիեթը», հայտարարում է, որ Թուրքիան ցեղասպանության ժխտողականության տարածումը խրախուսելու համար փողեր է բաժանում ամերիկացի որոշ գիտնականների:
Աքչամը ասել է, որ ԱՄՆ-ում թուրքական կառավարությունը շատ ագրեսիվ ու համակարգված քարոզարշավ է ծավալում, դեկտեմբերին ինքը եղել է Թուրքիայում եւ հանդիպել Թուրքիայի արտգործնախարարության հետ համագործակցող մի անձնավորությանը, որն էլ իրեն ասել է. «2004-2005-ին ամերիկացի մի պրոֆեսոր հանդիպման ընթացքում թուրք պետական գործիչներին զգուշացրեց, որ ցեղասպանության հայկական թեզերի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դրանց գիտական աշխատություններով հերքումն է»: Ըստ Աքչամի, Թուրքիայի արտգործնախարարությունը հավանություն է տվել այս մտքին եւ հսկայական գումարներ է ուղարկել ԱՄՆ:
Այդ անձնավորությունը Թուրքիայից վարձատրվող գիտնականների անուններն է տվել Աքչամին, որն էլ առանց անուններ տալու ընդգծել է, որ վարձատրման գործարքին վերաբերվող փաստաթղթերը Թուրքիայի արտգործնախարարության արխիվներում են: Աքչամը թերեւս նշել է Մայքլ Գյունտերի անունը, որն իր վերջին աշխատության մեջ արտահայտվելով 600.000 հայի մահվան մասին, այդուհանդերձ գրել է, որ դա ցեղասպանություն չէր: Ի դեպ, Գյունտերի գրքի մասին գովեստով են խոսել այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Հաքան Յավուզը, Գյունտեր Լեւին, Ջերեմի Սոլթը, Էդվարդ Էրիկսոնը, որոնք մեղադրվում են Թուրքիայի արտգործնախարարությունից գումարներ ստանալու մեջ:
Որքան էլ Աքչամը Գյունտերից բացի այլ անուններ չնշի, այնուամենայնիվ «Վաթանը» հեռախոսակապ է հաստատել Թուրքիայից աշխատավարձի կարգով վարձատրվող այն գիտնականների հետ, որոնց անունից թուրքական թերթի հարցերին պատասխանել է Յութահ համալսարանի արտաքին հարաբերությունների բաժնի աշխատակից դոկտ. Հաքան Յավուզը:
Նա, ինչպես հուլիսի 14-ին գրել է «Վաթանը», մասնավորապես ասել է. «Գյունտերի վերջին գիրքը խիստ անհանգստացրել է Թաներ Աքչամին, որովհետեւ հերքում է նրա թեզերը: Միաժամանակ ցույց է տալիս, որ Աքչամը ինչպես է խեղաթյուրում հայկական պնդումներին առնչվող աղբյուրները: Որոշել ենք դատական միջոցների դիմել Աքչամի դեմ, պայմանավորվելով այն դատապաշտպանի հետ, որը դատարանում շահել էր սփյուռքահայերի դեմ Լեւինի դատը: Մենք մեր աշխատավարձը համալսարանից ենք ստանում եւ որեւէ առնչություն չունենք Թուրքիայի արտգործնախարարության հետ: Իսկ Աքչամը, բոլորին է հայտնի, աշխատավարձ է ստանում սփյուռքահայ արմատական մի կառույցից: Աքչամը մեզ մեղադրելիս դարձնում է դաշնակների եւ հնչակների նշանառության թիրախ: Մեր կյանքը վտանգված է: ԱՍԱԼԱ-ի նման կառույցներ ԱՄՆ-ում աճում են, իսկ հայկական սփյուռքը հետզհետե դառնում է ավելի արմատական: Աքչամն աշխատասեր անձնավորություն է, սակայն կատաղի ցասում կա նրա մեջ: Թուրքիայում բանտարկված լինելու պատճառով ատելությամբ է լցված թուրքական հասարակության եւ թուրքերի պատմության դեմ: Թերեւս այդ ցասումն էր պատճառը, որ կինը լքեց նրան: Աքչամը լիովին փոխհատուցում է սփյուռքից ստացած գումարը: Ամերիկայում դուք չեք գտնի սփյուռքահայերի ֆինանսավորած մեկ այլ անձնավորություն, որն Աքչամի պես կրակոտ լինի ցեղասպանության թեզը պաշտպանելու հարցում»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: