Friday, July 15, 2011

Թուրքական դատարանը «թուրքերի 60 տոկոսն ապուշ է» խոսքի հեղինակին մեղավոր չի համարել

News.am. 15-7-2011- Անկարայի քաղաքացիական գործերով 21-րդ դատարանը մերժել է 150 հազար լիրայի փոխհատուցման հայցն ընդդեմ Մուժդաթ Գեզենի դեմ, ով ընտրություններից առաջ մի հաղորդման ժամանակ իշխող կուսակցության օգտին քվեարկողներին ապուշների հետ էր համեմատել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը նշել է, թե Մուժդեթ Գեզենը վիրավորել է ընտրողներին՝ «ապուշ» բառի փոխարեն օգտագործելով «Ազիզ Նեսինի չափանիշներով» արտահայտությունը։
Գեզենի փաստաբանն իր հերթին հիշեցրել է, թե ժամանակին Ազիզ Նեսինն այդ բառի համար արդարացվել էր դատարանում եւ այժմյան ավելի ժողովրդավար դատարանում այդ արտահայտությունը չի կարող հանցանք համարվել։
Կողմերին լսելուց հետո դատավորը մերժել է հայցը։
Նշենք, որ ամիսներ առաջ մի հեռուստահաղորդման ժամանակ, երբ մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետը, սպորտի նախարարը եւ իշխող կուսակցության 15 պատգամավոր, Մուժդեթ Գեզենն իշխող կուսակցության վարկանիշի հետ կապված հիշեցրել էր թուրք հայտնի գրող Ազիզի Նեսինի խոսքը։ «Ասում են՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը 50 տոկոս է, սակայն, ըստ Ազիզ Նեսինի՝ այն պետք է 60 տոկոս լինի»,-ասել է Մուժդեթ Գեզենը։

Հիշեցնենք, որ Ազիզ Նեսինը նշել էր, թե թուրք ազգի 60 տոկոսն ապուշ է։

No comments: