Thursday, July 28, 2011

Մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին. Սերժ Սարգսյան

«Եվ ղարաբաղցիների, և հայ ժողովրդի պահանջը միակն է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, և այդ իրավունքի սկզբունքները շարադրված են «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, որ կողմերին են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը»,- այսօր հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ասուլիսում։
«Մենք այլ պահանջ չունենք, այսինքն՝ մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին»,- ասաց նախագահը։
Ի պատասխան լեհ լրագրողի այն հարցի, թե «կազանյան ֆիասկոյից հետո ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ի՞նչ հնարավորություններ կան», Սերժ Սարգսյանը նախ նշեց, որ ինքը կազանյան հանդիպումը ֆիասկո չէր անվանի, ապա ավելացրեց, որ Կազանում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար և ինչի մասին ինքը խոսել էր դեռևս ԵԽԽՎ-ում։
«Խոսքս առաջին հերթին համապատասխան մթնոլորտի բացակայության մասին է, և առաջին հերթին այդ մթնոլորտը պետք է բարելավվի։ Չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր և ամեն մակարդակով թունավորել»,- հայտարարեց նախագահը՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի ժողովրդի հասցեին արած երեկվա հայտարարությանը։
«Եվ արդյոք դա նորմա՞լ մարդու հայտարարություն է, էլ չեմ ասում՝ երկրի ղեկավարի մասին»,- ընդգծեց Սարգսյանը։

No comments: