Wednesday, July 27, 2011

Կոնգրեսն ու ՀՀԿ-ն թող գնան ԱՄՆ

«Լրագիր» 27-7-2011- Այն, որ Հայաստանի ներքաղաքական երկխոսության կայացման գործում զգալի ներդրում ունի Միացյալ Նահանգները, մասնավորապես Հայաստանում Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչը, հայկական մամուլի հրապարակումների նյութ էր ամիսներ շարունակ: Ինքը Յովանովիչը հերքում էր իր լումայի առկայության փաստը, թեեւ մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ փաստացի պաշտոնապես հաստատեց դա:
Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջո Հեֆֆերնը ԱՄՆ Կոնգրեսում իր թեկնածության քննարկումների ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ներքաղաքական դրական առաջընթաց կա, որը նաեւ տեղի է ունենում Մարի Յովանովիչի ջանքի շնորհիվ: Այդպիսով, ԱՄՆ փաստացի ընդունեց, որ Հայաստանում ներքաղաքական երկխոսության գեներատորներից առնվազն մեկն է, եթե ոչ գլխավորը:
Ու հիմա ստեղծվել է բավական հետաքրքրական մի իրավիճակ, ԱՄՆ տնտեսության դեֆոլտի հետ կապված: Ինչպես հայտնի է, ամերիկացիները` դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Սպիտակ տան վարչակազմն ու Կոնգրեսի մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը, արդեն տեւական ժամանակ է բանակցում են պետական պարտքի “առաստաղի” շուրջ: Սպիտակ տունը Կոնգրեսից ակնկալում է “առաստաղի” բարձրացում` դեֆոլտից խուսափելու համար, իսկ Կոնգրեսը պահանջում է պետական ծախսի կրճատում, ասելով, թե միայն այդ պայմանով կբարձրացնի պետական պարտքի “առաստաղը”:
Ժամանակը լրանում է օգոստոսի 2-ին, եւ եթե կողմերը համաձայնության չգան, ԱՄՆ-ում դեֆոլտը դառնում է անխուսափելի, ինչը կարող է նոր ճգնաժամային ալիք եւ ցնցում առաջ բերել համաշխարհային տնտեսության մեջ, հաշվի առնեով ԱՄՆ հսկայական դերն այդ տնտեսությունում:
Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում գրեթե արմատական տրամադրված եւ միմյանց հասցեին ատելությամբ ու սպառնալիքով լեցուն հռետորաբանությամբ հանդես եկող ուժերին երկխոսության նստեցրած ԱՄՆ-ը չի կարողանում արդյունավետ երկխոսություն ծավալել իր մոտ` Սպիտակ տան եւ Կոնգրեսի հանրապետական մեծամասնության միջեւ, պետական պարտքի հարցը լուծելու եւ դեֆոլտից խուսափելու համար:

Սպիտակ տունը հույս է հայտնում, որ բանն իհարկե չի հասնի դեֆոլտի եւ կողմերը կգան համաձայնության, բայց փորձագետներն այդ հարցում այդքան էլ լավատես չեն եւ համենայն դեպս քիչ չեն նրանք, ովքեր քիչ հավանական են համարում համաձայնությունը մինչեւ օգոստոսի 2-ը: Ըստ երեւույթին, ժամանակն է, որ Հայ ազգային կոնգրեսն ու ՀՀԿ-ն պատվիրակություններ գործուղեն ԱՄՆ եւ տեղի քաղաքական ուժերին հիմա էլ իրենք դնեն արդյունավետ երկխոսության ճանապարհի վրա:
Առավել եւս, որ ԱՄՆ տնտեսության վիճակը շատ կարեւոր է հենց Հայաստանի համար էլ, որովհետեւ եթե եղավ համաշխարհային տնտեսական նոր ցնցում, ապա դժվար է ասել, թե դրանից Հայաստանի տնտեսության հետ ինչ կլինի այս անգամ:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: