Saturday, July 16, 2011

Ուկրաինայում արգելել են վաճառել Image ամսագրի՝ հայկական թեմայով համարը

Tert.am. 16-7-2011- Անկարայի գործադրած ջանքերի արդյունքում Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել ուկրաինական Image միջազգային գործարար ամսագրի՝ ամբողջությամբ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին նվիրված համարի վաճառքը, որում տեղ են գտել Ղարաբաղյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության թեմաները։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, Կիևում Թուրքիայի դեսպան Ահմեթ Բյուլենթ Մերիչը պարբերականում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղ գտած հրապարակման պատճառով իր բողոքն է արտահայտել Կիևին։ Վերջինս նամակ է ուղարկել Ուկրաինայի արտգործնախարարությանն ու պահանջել չհանել վաճառքի Image ամսագրի հերթական համարը։
Բացի այդ, թուրք դեսպանը Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչություն է ուղարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական թեզն արտահայտող մի նամակ, որը տեղադրվել է Image–ի էլեկտրոնային տարբերակի առաջին էջին։
Ավելի վաղ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե ադրբեջանական կողմի ջանքերով արգելվել է վաճառքի հանել Image–ի այն համարը, որում տեղ է գտել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հրապարակում։ Ի դեպ, այդ հրապարակման պատճառով Կիևում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարությանը։
Նախագահ Սերժ Սարգսյանի` Կիև այցին ընդառաջ` ուկրաինական Image բիզնես ամսագիրը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի աջակցությամբ լույս էր ընծայել ամբողջությամբ Հայաստանին և Ղարաբաղին նվիրված հատուկ համար:

No comments: