Saturday, July 16, 2011

«Ժամանակ». Բաքվի պահվածքը վկայում է նրա անկեղծության ցածր աստիճանի մասին. Կազիմիրով

Tert.am. 16-7-2011- Օրաթերթը զրուցել է 1992-1996թթ. ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԼՂ խնդրի կարգավորման հարցով ՌԴ նախկին նախագահի բանագնաց, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ։ Զրույցից մի հատված ներկայացվում է ստորև։
- Չնայած մեծ սպասումներին, Կազանում եռակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան հասնել համաձայնության հիմնարար սկզբունքների շուրջ, ի՞նչ եք կարծում, ո՞ր հարցում նրանք չեն կարողացել պայմանավորվել, որտե՞ղ է խնդիրը։
- Կարող եմ դատել միայն հակամարտության կողմերի տրամաբանությունից ելնելով։ Բաքվի համար կարևոր է և անհապաղ պահանջ ներկայացնել հայկական ուժերի հեռացումը ԼՂ-ի շուրջ տարածքներից, այսինքն՝ ռազմական հակամարտության գլխավոր հետևանքներից մեկի վերացումը։ Բաքվեցիները հաջողել են օկուպացիայի խնդիրն առաջին պլան մղել և այդ հարցում կարեկցանք առաջացնել իրենց հանդեպ։ Բայց այնտեղ թաքցնում են, որ այդ հարցում առկա է հենց Ադրբեջանի Հանրապետութան մեղքը և նրանց կոպիտ անհաջողությունները, իսկ միջազգային հանրությունը գրեթե տեղյակ չէ կամ մոռացել է, թե ինչպես էր Բաքուն, երևակայական հաղթանակի միտքը հետապնդելով, համառորեն հեռանում ռազմական գործողությունների դադարեցումից՝ կորցնելով շրջան շրջանի հետևից։ Այնպես որ, օկուպացիայի հարցում քիչ չէ Ադրբեջանի իշխող շրջանակների մեղքը, ինչպես Էլչիբեյի, այնպես էլ Հեյդար Ալիևի օրոք։
Կարեկցանքի հաշվին Բաքուն ցանկանում է հետ վերադարձնել մի շարք շրջաներ «անվճար», այսինքն՝ առանց զիջումների և առանց ԼՂ անվտանգության երաշխիքների։ Բայց կարգավորման փուլային իրագործումը պահանջում է շահերի հավասարակշռություն յուրաքանչյուր փուլում, այդ թվում՝ սկսած առաջին փուլից։ Իսկ հայերի համար թողնել մեկ-երկու շրջան՝ նշանակում է խախտել պաշտպանության ամենաամուր (և ամենակարճ) գոտին ԼՂ շուրջ։ Հետ քաշվելու համար նրանց հարկավոր են ԼՂ անվտանգության հստակ երաշխիքներ՝ միջազգային երաշխիքների ամրապնդմամբ։ Ամենահեշտ ճանապարհը, իհարկե, ուժի չգործադրման շուրջ համաձայնագիրն է, բայց Բաքուն դա չի ցանկանում։ Ահա համառոտ իրավիճակի շարադրումը, որը Ադրբեջանն առաջին պլան է մղում։

No comments: