Thursday, July 28, 2011

The Jerusalem Post-ը հեգնել է Էրդողանին

«Լրագիր» 28-7-2011- The Jerusalem Post-ը գրում է, որ Իսրայելը կարող է մխիթարվել, քանի որ այն միակ երկիրը չէ, ումից Թուրքիան ներողություն է պահանջում: Այս անգամ Թուրքիայի վարչապետը ներողություն է սպասում Հայաստանի նախագահից: Նա կարծում է` Սերժ Սարգսյանը ատելություն է սերմանում հայ երիտասարդների շրջանում և նրանց կոչ է անում զավթել Արևելյան Թուրքիան:
Հիշեցնենք, խոսքը այն միջադեպի մասին է, երբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք Հայաստանը հետ կվերցնի իր արևմտյան տարածքները և Արարատ լեռը, ասել է, որ “Դա կախված է ձեզանից և ձեր սերնդից: Ես կարծում եմ իմ սերունդը իր առաջադրանքը կատարել է: 90-ականների սկզբին, երբ անհրաժեշտություն կար, պաշտպանել է թշնամուց մեր հայրենիք Ղարաբաղը: Ես սա չեմ ասում որևէ մեկին շփոթեցնելու համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սերունդ ունի իր պարտականությունները, և դրանք պետք է իրականացվեն պատվով”:
Այս պատասխանը, գրում է թերթը, գազազեցրել է Թուրքիային, և Էրդողանը պահանջել է ներողություն: Հայաստանից ներողության պահանջը հնչեցվեց մի քանի օր այն բանից հետո, երբ Էրդողանը Իսրայելին սպառնաց “Պլան Բ”-ով, եթե վերջինս ներողություն չխնդրի Մավի Մարմարայի դեպքի համար: Թերթի դիվանագիտական աղբյուրն այս կապակցությամբ ասում է. “Իսկ ով է Էրդողանից ներողություն պահանջելու Հյուսիսային Կիպրոսը զավթելու համար”:

No comments: