Tuesday, July 26, 2011

Անկարան ոչնչացնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արխիվները. Wikileaks

Tert.am. 26-7-2011- Թուրքական իշխանությունները վերացրել կամ խեղաթյուրել են իրենց արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը։ Այս մասին նշվում է լիբանանյան «Ջումհուրիա» թերթում լույս տեսած Wikileaks–ի գաղտնի փաստաթղթում։
2004թ. հուլիսի 12-ին թվագրված 04ISTANBUL1074 փաստաթղթում ներկայացվում են Ստամբուլում ԱՄՆ–ի հյուպատոսության գրառումներում տեղ գտած թուրք և օտարերկրյա պատմաբանների՝ Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ մեկնաբանություններն ու վկայությունները։
Փաստաթղթում նշվում է, որ հայ–թուրքական հաշտեցման ճանապարհին հիմնական արգելքը հանդիսանում է Հայոց ցեղասպանության թեման և արա ընդունումը Թուրքիայի կողմից։
«Հայկական Սփյուռքի կողմից իր դատի առնչությամբ իրականացվող պայքարն էլ ավելի հզոր թափ է հավաքում։ Սփյուռքի ձեռքում կան բազմաթիվ վկայություններ և փաստաթղթեր, որոնք հաստատում են այն մասին, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվել է ոչնչացման ծրագրված քաղաքականություն… Իր հերթին Թուրքիան հրապարակել է իր թեզը պաշտպանող մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ի պատասխան հայկական հրոսակների կողմից մուսուլման թուրքերի դեմ իրականցված հարձակումների, տեղահանվել են հարյուր հազարավոր հայեր, որոնք ճանապարհին մահացել են հիվանդությունների, ավազակների կողմից իրականացված հարձակումների հետևանքով»,– նշվում է Wikileaks–ի գաղտնի փաստաթղթում։
ԱՄՆ հյուպատոսարանի գրառումներում քննարկվում է նաև հայ և թուրք ժողովուրդների ինքնության թեման։
«Հայկական կողմն ինքնության հետ կապված որևէ խնդիր չունի, սակայն թուրքերի ինքնության պահպանման հարցը շատ ծանր վիճակում է։ Այն անփոփոխ վիճակում է գտնվում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքի ժամանակաշրջանից իր վեր։ Նույնիսկ այսօր առկա է այն ընկալումը, որ եթե իշխանություններն ընդունեն հայերի դեմ իրականացված որևէ սխալ, ապա դա հարցականի տակ կդնի երկրի սահմանները, ինչպես նաև կթուլացնի Թուրքիայի մոտեցումը փոխհատուցում վճարելու հայերի պահանջներին»,– նշվում է փաստաթղթում։
Հայ և օտարազգի պատմաբանները նշում են, որ թուրքական իշխանությունները տարիներ շարունակ խոչընդոտներ են ստեղծում արխիվների ազատ ուսումնասիրության հարցում՝ դրանով իսկ թաքցնելով այն փաստերը, որոնք վկայում են Թուրքիայի՝ ցեղասպան պետություն լինելու մասին։

Մասնավորապես Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը բազմիցս դիմել է ԱՄՆ–ի մի շարք պաշտոնայների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այն հանագամանքի վրա, որ իրեն 70-80–ական թվականներին արգելել են ուսումնասիրություններ իրականացնել թուրքական արխիվներում։

Թուրքիայի ազգային արխիվի տնօրեն Յուսուֆ Սաեընայը ԱՄՆ հյուպատոսարանում հայտարարել է, որ արխիվների ուսումնասիրության համար անհրաժեշտ է արտգործնախարարության թույլտվությունը, իսկ հայ հետազոտողների բողոքները բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ։

Թուրք պատմաբան Հալիլ Բերքթայը նշում է, որ Թուրքիայում գրանցվել է Հայկական հարցի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի «մաքրման» երկու փորձ։

Մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականներ 1919թ. խոստովանել են, որ պատմական ճշմարտության խեղաթյուրման առաջին փորձը տեղի է ունեցել 1918թ.՝ նախքան «դաշնակիցների կողմից Ստամբուլի օկուպացիան»։

Բերքթայը նշում է, որ երկրոդ փորձը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը մտածում էր արխիվները բացելու մասին։ Բերքթայի խոսքով՝ այդ գործողությունն իրականացվում էր պաշտոնաթող գեներալների և դիվանագետների կողմից, որոնց գլխավորում էր Իրաքում Թուրքիայի դեսպան Նուրի Մուհարրեմ Բիրգին։

Հալիլ Բերքթայը տեղեկացնում է նաև, որ մի անգամ թուրք դեսպանը կիսվել է իր հետ արխիվային փաստաթղթերի մաքրման գործում իր «հաջողությունների» մասին՝ ասելով. «Ես իրոք մորթեցի հայերին»։

Թուրքիայում ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Տոնի Գրինվուդն ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքն արխիվում հետազոտություն իրականացնելիս տեսել է, թե ինչպես են թուրք զինվորականները հատուկ ստուգում անցկացնում։

«Որոշ թուրք պատմաբաններ պնդում են, որ արխիվներում նաև այսօր շարունակվում է հայկական արխիվային փաստաթղթերի մաքրման գործընթացը»,– նշվում է ԱՄՆ հյուպատոսության գրառումներում։

No comments: