Thursday, August 4, 2011

Իրանի Մեջլիսը վստահության քվե տվեց Մ. Ահմադինեժադի ներկայացրած 4 նախարարի թեկնածուներին

Panorama.am. 4-8-2011- Իրանի Մեջլիսը այսօր կայացած նիստի ընթացքում վստահության քվե տվեց նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայացրած չորս նախարարների թեկնածուներին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության`Մեջլիսի քննարկմանը և հաստատմանն են ներկայացվել սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Մոհամմադ Աբբասիի, նավթի նախարար Ռոսթամ Ղասեմիի, առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Մեհդի Ղազանֆարի և աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերով նախարար Աբդոլռեզա Շեյխոլէսլամիի թեկնածությունները, որոնք պատգամավորների ձայների մեծամասնությամբ վստահության քվե են ստացել և նշանակվել համապատասխան պաշտոնների:
Հիշեցնենք, որ մայիսին Մահմուդ Ահմադինեժադի հրամանով նավթի նախարար Մաասուդ Միրքազեմին, արդյունաբերության և հանքերի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը և սոցիալական ապահովության և բարեկեցության նախարար Մահսուլին դադարեցրել էին իրենց պաշտոնավարումը:
Այնուհետև Մ. Ահմադինեժադը ստանձնեց նավթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, սակայն Պահապանների խորհուրդը նախագահի այդ քայլն անօրինական համարեց, որից հետո Մ. Ահմադինեժադը հրաժարվեց այդ պաշտոնից և նավթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց նախկին փոխնախագահ Մոհամմադ Ալի Աբադիին, որի վերաբերյալ ևս Մեջլիսի պատգամավորները բացասական կարծիքներ հայտնեցին: Ի վերջո, անցյալ շաբաթ Մեջլիսի քննարկմանը ներկայացնելու համար նախագահը որպես նավթի նախարարի թեկնածու ներկայացրեց ԻՀՊԿ նախկին հրամանատարներից Ռոսթամ Ղասեմիին:
Նկատենք, որ հունիսի 21-ին Մեջլիսը հավանություն չէր տվել նաև սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայացրած մեկ այլ թեկնածուին` Սեյյեդ Համիդ Սաջջադիին:


No comments: