Thursday, August 4, 2011

Կոսմետիկ փոփոխությունների այլևս համաձայն չենք. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 3-8-2011- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում քաղաքական գործընթաց գոյություն չունի՝ բացասական իմաստով։
«Քաղաքականությամբ զբաղվող կամ մեր ժողովրդին տեր կանգնող մարդիկ կան, սակայն նրանց չի կարելի նմանեցնել քաղաքական գործիչների, այլ՝ ազատագրական պայքար իրականացնողների»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։
Ըստ Սեֆիլյանի՝ այսօր Հայաստանում առկա է երկու ուժ՝ բանակցությունների սեղանի շուրջ երկխոսող ուժը և երկրորդ ուժը, որ կեղեքվող ժողովուրդն է. Սեֆիլյանն այսօր անհրաժեշտ է համարում համակարգային փոփոխությունները։
«Ի տարբերություն տերպետրոսյանների՝ մենք իրավիճակը բնորոշում ենք որպես օկուպացիոն ռեժիմ։ Եթե նրանք էլ այս գնահատականին համաձայն լինեին, երբեք չէին գնա-նստի երկխոսելու, ինչպես որ արել են, քանի որ օկուպացիոն ռեժիմներում հնարավոր չէ դասական քաղաքականություն իրականացնել։ Այսպիսի ռեժիմներում, ինչպես մեզ մոտ է, կա բռնապետ, և ռեժիմի բոլոր համակիր ուժերը նրա փոքրիկ գրպանում են»,- ասաց Սեֆիլյանը։
Այս իրավիճակից Սեֆիլյանը տեսնում է միայն մեկ ելք. ««Սարդարապատ» շարժումը պատրաստվում է համակարգային փոփոխությունների, և քանի որ ռեժիմը գործում է օրենքից դուրս, մեր գործողությունները պիտի լինեն օրենքին լիովին համապատասխան»,- ասաց նա։ Այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է «օրենքից դուրս գործող և մեծ ռեսուրսների տիրապետող» ուժին հաղթել՝ բացառապես օրենքի շրջանակում գործելով, Սեֆիլյանը պատասխանեց. «Ժողովրդի կամքի պարտադրմամբ՝ հնարավոր է։ Բոլոր անօրեններին պետք է պարտադրել, որ գան օրենքի դաշտ»։
Ժամկետներ նշել Սեֆիլյանը չկամեցավ. «Արյունաքամ վիճակում ենք գտնվում, որքան շուտ՝ այնքան ճիշտ։ Սակայն շտապողականությունը մեզ պետք է չխանգարի։ Մենք արկածախնդիրներ չենք, պիտի լավ պատրաստվենք, նոր դիմենք գործողությունների. մեր պայքարը միայն հանուն այս համակարգի փոփոխության է լինելու։ Որևէ կոսմետիկ փոփոխությունների այլևս համաձայն չենք»։

No comments: