Wednesday, August 3, 2011

Ժիրայր Սեֆիլյան. «Աստված տա, ես սխալվեմ»

«Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի հավատում ՀԱԿ-ի այն խոստումներին, թե եթե մինչեւ սեպտեմբեր իշխանությունները արտահերթ ընտրություններ չհայտարարեն, ապա ՀԱԿ-ը կպահանջի Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը:
«Ես չեմ հավատում ՀԱԿ-ի նախապայմաններին: Ես կարծում եմ, որ նրանք տարբեր ձեւերով փորձելու են ժողովրդին ապատեղեկացնելով՝ հասցնել հերթական ընտրություններին: Սա իմ համոզմունքն է, բայց Աստված տա, ես սխալվեմ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նաեւ նշեց, որ եթե ինքը սխալվի, ՀԱԿ-ը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ժողովուրդը փողոց դուրս գա, ապա. «Ես, անպայման, կլինեմ ժողովրդի մեջ, եթե ժողովուրդն ապստամբի»:
Իսկ ի՞նչ հիմք ունի Ժիրայր Սեֆիլյանը ՀԱԿ-ի խոստումներին չհավատալու համար. հարցին՝ նա պատասխանեց. «Այս թատրոնն ինձ համար ես բացահայտել եմ եւ ՀԱԿ-ի ներսում պայքարել եմ, որ այս բեմադրությունը տեղի չունենա: Դժբախտաբար, իմ հորդորները տեղ չեն հասել: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, կատարվում է հօգուտ ռեժիմի»:
Ժիրայր Սեֆիլյանը որեւէ տարբերություն չի տեսնում արտահերթ եւ հերթական ընտրությունների միջեւ եւ վստահեցնում. «Այս ռեժիմի օրոք որեւէ ընտրություն հնարավոր չէ անցկացնել: Առաջին հերթին պետք է ձերբազատվել այս ռեժիմից եւ հետո կազմակերպել արդար ընտրություններ»:
Ինչպե՞ս ձերբազատվել հարցի պատասխանը, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, տվել են մեր արաբ եղբայրները. «Հայաստանում փոփոխությունները չեն լինելու ընտրությունների միջոցով: Մենք դա ասել ենք երկու տարի առաջ: Այդ ժամանակ մեր ժողովուրդն այնքան էլ պատկերավոր չհասկացավ մեր խոսքը, սակայն մեզ օգնելու եկան Թունիսից եւ Եգիպտոսից»:
Պարոն Սեֆիլյանը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ Թունիսում եւ Եգիպտոսում ժողովուրդը ոտքի չկանգնեց ընտրություններից առաջ կամ հետո. «Ժողովրդի պոռթկումը հասնում է մի կետի, երբ այն մոբիլիզացվում է: Ապացուցվեց, որ մեր ասածը իրատեսական է: Մեր խնդիրն այն է, որ ՀՀ-ում փոփոխություններն իրականցվեն անցնում: Սա է պատճառը, որ «Սարդարապատ» շարժումը մինչեւ գործի անցնելը, աշխատում է հնարավորինս լավ պատրաստվել»:
Եթե ՀԱԿ-ին իշխանություններին մինչեւ սեպտեմբեր է ժամանակ տալիս, ապա «Սարդարապատ» շարժումն ասում է. «Գործող, կեղեքող համակարգի պարագլխին մենք չենք թողնելու, որ նա եւս 5 տարի կեղեքի մեր ժողովրդին»:
Տեղեկացնում է «Ա1+»-ը:

No comments: