Wednesday, August 3, 2011

Բաքուն առաջարկում է անցնել մեծ խաղաղ համաձայնագրի մշակմանը. ադրբեջանցի քաղաքագետ

Tert.am. 3-8-2011- Բաքուն առաջարկում է առանց շրջանակային համաձայնագրի ստորագրման միանգամից անցնել մեծ խաղաղ համաձայնագրի մշակմանը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews–ը, ասել է Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն։
«Բանակցային գործընթացն ի սկզբանե շարժվում էր դեպի մեծ խաղաղ համաձայնագիր։ Այնուհետև միջնորդները, որդեգրելով հայամետ դիրքորոշում, գործընթացը բաժանեցին 3 փուլի։ Դա հստակ երևաց Դովիլում համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունում։ Սակայն Հայաստանը դա էլ մերժեց, որովհետև նրա նպատակը ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, այլ՝ ստատուս քվոյի պահպանումը»,– ասել է Ահմեդօղլուն։
Մեկնաբանելով կազանյան հանդիպումը՝ ադրբեջանցի քաղաքագետն ասել է. «Հանդիպմանը նախագահներին ներկայացված փաստաթուղթը տարբերվում էր նախկինում քննարկված տարբերակից։ Փաստաթղթում առաջարկված փոփոխություններն ու շտկումները վերացրեցին երկիմաստությունները»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսել Հայաստանի հետ։

No comments: