Wednesday, August 3, 2011

Իսկ ո՞վ է պետությունը

«Լրագիր» 3-8-2011- Օգոստոսի 2-ի հանրահավաքի ելույթի նախաբանում խոսելով երկխոսության մասին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. “Եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռեւս ոչ իշխանությունը, ոչ էլ Հայ Ազգային Կոնգրեսը, ոչ էլ մեր ժողովուրդը ոչինչ չի շահել: Բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը: Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն: Ինչ կուզեք ասեք, այս երկխոսությամբ նաեւ ուժեղացել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում”:
Ինչպե՞ս է ստացվել, որ իշխանությունը չի շահել, ընդդիմությունը չի շահել, առավել եւս ժողովուրդը դեռ չի շահել երկխոսությունից, իսկ պետությունը շահել է: Միթե պետությունն այլ բան է, քան հենց նույն ժողովուրդը: Ի՞նչն է պետությունը, եթե ժողովուրդը չէ: Ուրեմն, ինչպե՞ս կարող է պետությունը շահել, եթե չի շահել ժողովուրդը, կամ ինչպես կարող է չշահել ժողովուրդը, եթե շահել է պետությունը:

Կամ, միթե երկխոսությունն էր պակասում, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր համարվի: Իսկ մարտի 1-ի բացահայտո՞ւմը: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանն ինքն է հայտարարում, որ այն ազգը, ով հանդուրժում է հոկտեմբերի 27 եւ մարտի 1 չբացահայտված ոճրագործություններ, չի կարող արժանապատիվ համարվել: Ուրեմն, ինչպե՞ս կարող է քաղաքակիրթ համարվել մի պետություն, որտեղ դեռեւս կան հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի չբացահայտված ոճրագործություններ:

Կամ, ինչ է ստացվում` Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայաստանը երկխոսությամբ ձեռք է բերել քաղաքակիրթ պետության համբավ, մյուս կողմից թե ինքը, թե Կոնգրեսի մյուս լիդերները Հայաստանի իշխանությանը նույն հանրահավաքին հայտարարում են ավազակապետություն, կոռումպացված հանցավոր վարչախումբ, որը ենթակա է քրեական պատասխանատվության: Բա որ հանկարծ միջազգային ասպարեզում լսեն այդ ելույթները, արդյոք չի սասանվի Հայաստանի քաղաքակիրթ վարկը: Թե միջազգային հանրությունը գիտե, որ այդ ելույթներն ընդամենը հանրահավաքային հռետորաբանություն են, որոնց նպատակը հանդիսատեսի ծափերն ու բացականչությունները վաստակելն է:

Ընդհանրապես, ինչի՞ց է գոյանում պետության միջազգային հեղինակությունը: Արդյոք ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերության ձեւից, թե պետական եւ հասարակական կյանքի արդյունավետությունից, այդ կյանքի հիմքում ընկած արժեհամակարգի արդիականությունից, մրցունակությունից, երկրում իրավունքի եւ ազատությունների երաշխավորվածության մակարդակից, երկրի տնտեսական եւ քաղաքական դասի մտա-բարոյական պատրաստվածությունից, պետական շահի ձեւակերպման եւ սպասարկման հարցում հաստատակամ եւ հետեւողական դիրքորոշումից, իշխանության ձեւավորման մեխանիզմների օրինականությունից, քաղաքացիների աչքին պետության գրավչության աստիճանից:

Ինչպե՞ս կարող է որեւէ լուրջ արտաքին սուբյեկտ Հայաստանի վարկը գնահատել միայն այն բանով, որ ընդդիմությունն ու իշխանությունը նստել ու բանակցում են, այն էլ դեռ զգալիորեն անհասկանալի ընթացքով: Այդ բանակցությունը կարող է Հայաստանին շատ լուսավոր ապագա խոստանալ, եւ ի վերջո կարող է հանգեցնել պետության միջազգային հեղինակության բարձրացման համար անհրաժեշտ կոմպոնենտների առկայության: Բայց դա դեռ պետք է լինի, որ Հայաստանի միջազգային վարկը բարձրանա:

Այլապես, իշխանությունն էլ դեռ 2009-2010 թվականին էր հայտարարում, որ եթե Հայաստանին պարտք են տալիս միջազգային ֆինանսական կառույցները, դա վկայում է երկրի հեղինակության եւ վարկանիշի, վստահելիության մասին: Իշխանությունը նաեւ Թուրքիայի հետ հարաբերության ֆուտբոլային նախաձեռնության ժամանակ էր ասում, թե չնայած այդ նախաձեռնությունն արդյունք չի տվել, բայց Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է. մոտավորապես հենց նույն ոգով` չնայած Հայաստանի իշխանությունը չի շահել, Թուրքիան չի շահել, հայ եւ թուրք ժողովուրդները չեն շահել, բայց շահել է պետությունը, որովհետեւ բարձրացել է միջազգային հեղինակությունը:

Հասարակությունը ծիծաղում էր իշխանության այդ տրամաբանության վրա: Ինչո՞ւ է ընդդիմությունն այժմ մտնում այդ ծիծաղելի տրամաբանության մեջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: