Tuesday, August 2, 2011

Մոսկվան շարունակում է սպառնալ

«Լրագիր» 2-8-2011- Առաջին լրատվականին տված հարցազրույցում ռուսաստանցի այսպես ասած քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Վլասովը դատողություններ է արել Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի դերի ու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դիրքորոշման վերաբերյալ, անցնելով ամեն չափ ու սահման:
«Կրեմլը բավականին լուրջ է տրամադրված, որպեսզի մոտ ժամանակներում Երևանին ու Բաքվին դրդի գնալ առավել կառուցողական քայլերի: Իսկ կազանյան հանդիպման համեմատական անհաջողությունը ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ոչ բոլոր հարցերում են լսում Մոսկվայի կոչերը», ասել է Վլասովը: Նա, խոսելով Մեդվեդեւի նոր առաջարկների եւ Հայաստանի պատասխանի մասին, փաստացի սպառնացել է, որ եթե հայկական կողմը մերժի այդ առաջարկները, կստացվի, որ բանակցային գործընթացի դադարեցման պատճառ է հանդիսացել հայկական կողմը, ինչը հայկական կողմին այս պարագայում ձեռնտու չէ:
«Եթե ենթադրենք, որ Արևմուտքը ցանկանում է Մոսկվային ներկայացնել, որպես անհաջողակ միջնորդի, ապա դա բավականին վտանգավոր խաղ է, և ես համոզված չեմ, որ Հայաստանի իշխանությունները կցանկանային մասնակցել այդ խաղին», այս եւ նման այլ բաներ է ասել Վլասովը:
Սա ռուսաստանցի այսպես ասած քաղաքագետների ու վերլուծաբանների գերակշիռ մասի ոճն է: Այս դասն ընդամենը Ռուսաստանի իշխանության այս կամ այն հետնախորշի “փաստաբաններն են”, որոնց գրածն ու ասածը ոչ մի կապ չունեն քաղաքագիտության, էթիկայի հետ: Մի կողմ թողնելով այն, որ դրանց մեծ մասը ներկայում ֆինանսավորվում է ադրբեջանական հատուկ հիմնադրամներից, պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա:
Հայտնի է, որ կազանյան եռակողմ հանդիպման տապալումից հետո Ալիեւը առաջարկել էր 10 փոփոխություն, որոնք հիմք են հանդիսացել Մեդվեդեւի նոր առաջարկների համար: Բնական է, Ադրբեջանը դրական պատասխան է տվել այդ նոր առաջարկներին, իսկ Հայաստանի պատասխանի բովանդակությունը հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, այն բացասական է լինելու, քանի որ նոր առաջարկները կազմվել են Բաքվի ցանկությունների հիման վրա: Եւ ահա, ռուսաստանյան քաղաքական հետնախորշերի “վերլուծաբանները” սպառնալիքներ են տեղում Հայաստանի վրա, փորձելով իբր քաղաքական ու հոգեբանական ճնշում բանեցնել հայկական կողմի ուղղությամբ:
Հայաստանի ցանկացած ինքնուրույն, սեփական շահերից բխող քայլ առաջացնում է Մոսկվայի տգեղ արձագանքները, հաշվի առնելով մանավանդ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին` որպես իր անխոս ստրուկի: Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը տրամաբծորեն հակառակ են, Հայաստանն այլ ելք չունի, քան մերժել Մոսկվայի ցանկացած առաջարկ ու նախաձեռնություն, որոնք փաստացի միտված են Հայաստանը ոչնչացնելուն:

Եվ, թերեւս, ժամանակն է, որ հայկական զլմ-ները դադարեն հրապարակել ռուսաստանցի այս կարգի քաղաքագետների ու վերլուծաբանների տեսակետներն ու կարծիքները: Այս պարագայում, դա ամենեւին էլ խոսքի ու կարծիքի ազատության սահմանափակում չի կարող դիտվել հայկական կողմից, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները: Թող նրանք իրենց տեսակետները հրապարակեն ադրբեջանական մամուլում:

No comments: