Tuesday, August 2, 2011

Զատուլին. Ադրբեջանը փորձում է ազատվել կազանյան ձախողման մեղքից

News.am. 2-8-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս պահի բնութագրականը հիասթափությունն է, որ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, երբ Կազանում չհաջողվեց առաջընթաց ունենալ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, նախորդ տարիներին Ադրբեջանը ամեն կերպ լարում էր իրադրությունը` հույս ունենալով, որ միջնորդներն ու Հայաստանը կհավատան Բաքվի ռազմատենչ մտադրություններին եւ զիջումների կգնան:
«Ադրբեջանի թիրախներից մեկը Ռուսաստանն էր, որի վրա Բաքուն երկու ճանապարհով էր ճնշում գործադրում` ռուսաստանցի բարձրաստիճան ներկայացուցիչներին փաղաքշելը եւ լոբբինգը Բաքվի ջանքերին չտրվող ռուսաստանյան էլիտայում: Այդ ամենն ուղեկցվում էր հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարություններով: Նման մարտավարության դիմելու պատճառները թաքնված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բարդ խաղերում, որոնք ձախողվեցին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այդ հարցում հասնելով ուզածին` Բաքուն հարձակման անցավ այլ ուղղություններով: Ճնշումը միջնորդ երկրների եւ Հայաստանի վրա, կարգավորման ուղիների վերաբերյալ նախկինում ձեռք բերած պայմանավորվածություններին չհետեւելն այնքան էլ հիմնավոր չեն, քանի որ դրանց հիմքում բոլորին դեմ գնալու Ադրբեջանի մտադրությունը չէ: Այդ ամենը հոգեբանական գրոհ էր հակառակորդի վրա», - նշեց Զատուլինը:
«Այդ մարտավարության շնորհիվ Ադրբեջանը հասավ առանձին հաջողությունների, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն ընդհանուր առմամբ պատրաստ չեղան պաշտպանել Ադրբեջանի տեսակետը: Հայաստանին ստիպել ընդունել այդ տեսակտը` կնշանակեր Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, իսկ դա կհանգեցներ հետագա բանակցությունների ձախողմանը: Հայաստանը չի կարող գնալ դրան: Այդ պատճառով էլ Ադրբեջանի փորձերը ձախողվեցին», - կարծում է ռուսաստանցի պատգամավորը:
Նրա կարծիքով, Ադրբեջանն անսպասելիորեն պարզեց, որ միջնորդներին սեփական կողմը ներգրավելու փորձերն այս պահին անիրագործելի են: Դրանից հետո Բաքվի հռետորությունը որոշակի փոփոխության է ենթարկվել:
«Որոշ միջնորդ երկրների աչքերում Բաքուն դարձավ հիասթափության առարկա: Ադրբեջանը որոշակի մեղք ունի բանակցային գործըթնացը փակուղի տանելու համար: Այսօր արդեն Բաքուն փորձում է միջնորդներին ներկայանալ ոչ թե որպես պատերազմի ձգտող երկիր, այլ` խաղաղության համար ջանք գործադրող երկիր», - ամփոփեց Զատուլինը:

No comments: