Tuesday, August 2, 2011

Իրան-Թուրքիա գազատարը պայթեցնող յոթ հոգանոց խմբի երեք անդամ սպանվել է, չորսը` ձերբակալվել

Panorama.am. 2-8-2011- «Իրանի անվտանգության ուժերի կողմից իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում օրերս Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարը պայթեցնող քրդական «Փեժակ» խմբավորման յոթ հոգանոց խմբի երեք անդամներ սպանվել են, իսկ չորսը` ձերբակալվել»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է Արևմտյան Ազարբայջանի նահանգապետի` անվտանգության հարցերով տեղակալ Իսա Ղանբարին:
Իրանցի պաշտոնյայի խոսքով` վերոնշյալ խմբավորման անդամները բացի օրերս պայթեցված խողովակաշարից, ևս մասնակցություն են ունեցել հինգ տարի առաջ պայթեցված Իրան-Թուրքիա բնականան գազի խողովակաշարի և Մակուի շրջանում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներքո գործող «Բասիջ» կառույցի չորս անդամներին ահաբեկելու մեջ:
Արևմտյան Ազարբայջանի նահանգապետի` անվտանգության հարցերով տեղակալը նաև հավելել է. «Այդ ահաբեկչական խմբի ղեկավարը Թուրքիայի բնակիչ է, ով սահմանամերձ շրջաններում ապրող մեր քաղաքացիների հանդեպ մի շարք հանցագործություններ է կատարել»:
Հիշեցենք, որ հուլիսի 29-ի առավոտյան Իրան-Թուրքիա գազի խողովակը պայթել էր, որի հետևանքով դադարեցվել էր Թուրքիա արտահանվող իրանական գազի առաքումը: Նշենք, որ 2010թ. հուլիսի 21-ին ևս Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարում պայթուն էր տեղի ունեցել:

No comments: