Monday, August 8, 2011

Դամասկոսը զգուշացնում է Էրդողանին. «Մեր պատասխանը կոշտ է լինելու»

Tert.am. 8-8-2011- Պաշտոնական Դամասկոսը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ եթե նրանք կոշտ քայլերի դիմեն Սիրիայի նկատմամբ, կստանան համարժեք պատասխան:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի քաղաքական և մեդիայի հարցերով խորհրդական Բոթինա Շաբանը, պատասխանելով Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Դամասկոսի հասցեին հնչեցրած հայտարարությանը, ասել է. «Եթե Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն գա Սիրիա և Դամասկոսին կոշտ ուղերձ հղի, Թուրքիան, որը հրաժարվում է դատապարտել Սիրիայում քաղաքացիական անձանց, ոստիկաններին և զինվորականներին դաժանորեն սպանող ահաբեկիչների գործողությունները, համարժեք կոշտ պատասխան կստանա»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը, անդրադառնալով Սիրիայում շարունակվող արյունահեղությանը, հայտարարել էր, որ Անկարայի համբերությունը սպառվում է:
Նշելով, որ առաջիկայում արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնելու է Դամասկոս, Էրդողանն ասել էր. «Մենք հստակ Սիրիայի իշխանություններին հղելու ենք մեր ուղերձը: Իսկ թե ինչպիսին կլինի մեր հետագա անելիքը, կախված է Դամասկոսի պատասխանից»:

No comments: