Tuesday, August 16, 2011

Դավութօղլու. Թուրքիայի վերջին զգուշացումը Սիրիային

Panorama.am. 16-8-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի վերջին նախազգուշական ուղերձն է հղել Սիրիայի իշխանություններին` անհապաղ դադարեցնելու քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող ռազմական օպերացիաները: Այս մասին իրազեկում են թուրքական լրատվամիջոցները:
«Դիմում եմ Սիրիայի իշխանություններին, եթե այդ օպերացիաներն իսկույն չդադարեցվեն, ապա խոսելու ոչ մի բան այլևս չի մնա»,- հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար խորհրդի նիստից հետո: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ օգոստոսի 11-ից ավելի լայնամասշտաբ են դարձել խաղաղ բնակչության գնդակոծությունները Սիրիայի տարբեր քաղաքներում:
Անցյալ շաբաթ Սիրիա մեկնած և այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հետ 6.5 ժամ տևողությամբ հանդիպում անցկացրած Դավութօղլուն հիշեցրել է, որ երկու հստակ պահանջ է ներկայացվել Դամասկոսին.
1. Դադարեցնել ռազմական գործողությունները, և զորքերը դուրս բերել քաղաքներից:
2. Ի կատար ածել Սիրիայի ժողովրդի իրավաչափ պահանջները:

No comments: