Tuesday, August 30, 2011

Հերոսին են գողացել

»Լրագիր» 30-8-2011- Դատելով վերջին օրերին Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթներից, իշխանությունն իր քարոզչական հնարքների շտեմարանում ներառել է «հերոս» հասկացությունն ու փորձում է առաջիկայում գեներացնել այն: Թե Ծաղկաձորում երիտասարդ գիտնականների հետ, թե նախագահի նստավայրում դպրոցական առարկայական օլիմպիադայի հաղթողների հետ հանդիպումներում Սերժ Սարգսյանը շոշափել է հերոսի թեման:
«... ես չգիտեմ 50-100 անհատ, որոնց ժողովուրդը հարգում է: Ոչ թե ոչ մեկին չեն հարգում, այլ ցավոք սրտի, մեր նորանկախ պատմության մեջ այդպիսի շեղում է մտել: Երբեք իշխանությունները չեն փորձել ճիշտ մարդու, կոպիտ ասած հերոսի կերպար ձեւավորել, որպեսզի մնացածները, երեխաները կարողանան ընդօրինակել, որպեսզի դառնա հարգանքի առարկա: Յուրաքանչյուր իշխանության համար դա պետք է պարտադիր պայման լինի, այո, չենք արել», ասել էր Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականների հետ հանդիպմանը:
«Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ, որպեսզի մենք լավ իդեալներ կարողանանք ձեւավորել, որովհետեւ, ցավոք, մեր հասարակության մեջ կան նաեւ վատ բարքեր, կան ոչ ճիշտ հասկացված իդեալներ, կան կեղծ հերոսներ, իսկ դրանք կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար», ասել է Սերժ Սարգսյանն առարկայական օլիմպիադաների հաղթող երեխաների հետ հանդիպմանը:
Ինչու է իշխանությունը հանգել հերոսի կերպարի անհրաժեշտությանը: Դա հասկանալու համար թերեւս պետք է հասկանալ, թե ինչն է Սերժ Սարգսյանը կեղծ հերոս համարում: Ո՞վ է կեղծ հերոսը: Եթե իշխանությանը մտահոգել է հերոսների կամ հակահերոսների խնդիրը, ապա տրամաբանական չի՞ լինի արդյոք, որ եւս մի ելույթով էլ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե ովքեր են կեղծ հերոսները: Եթե նա անհանգստացած է, որ դրանք կարող են գայթակղել անփորձ երիտասարդներին, գուցե ժամանակն է այդ երիտասարդներին անվանապես կամ տեսակներով ներկայացնել այն կեղծ հերոսներին, որոնց չպետք է ընդօրինակել:
Ովքե՞ր են այդ հերոսները, որ կեղծ են ու վտանգավոր` հանուն հայրենիքի երգող-պարող, նախընտրական իշխանական պռոյեկտներում թեժացնող, իրենց Հայաստան երեւակայող աստղերն ու աստղուհինե՞րը, իրենց շոուգեներով հանրությանը գենահարող շոումեննե՞րը, Ղարաբաղի պատերազմի ընթացքում ձեռք բերած վաստակը նախնական բիզնես-կապիտալի վերածած գեներալներն ու այլ պաշտոնյանե՞րը, որոնք մինչ այժմ այդ վաստակը շահարկում են կապիտալի «մուլտիպլիկատիվ» էֆեկտ ստանալու համար, ինտելեկտի եւ գիտելիքի, նրբագեղության եւ դրայվի անվան տակ իշխանության հակասահմանադրական մեխանիզմի աշխատանքը յուղող պաշտոնյանե՞րը, հեռուստասերիալների գողականնե՞րը, որոնք իրական կյանքում ծառայում են որպես իշխանության վերարտադրության յուրօրինակ «խաղաղության կորպուսի» կամավորներ, թե՞ ամպագոռգոռ համազգային եւ համահայկական նավարկությունների, խաղարկությունների, բնակարանաբաշխությունների եւ վերցրած հարյուրը նվիրած տասով կոծկող բարեգործությունների հեղինակներն են կեղծ հերոսները: Իսկ գուցե տնտեսության եւ երկրի հենասյունի անվան տակ թաքնվող, շրջափակված տնտեսության պայմաններում գործարարությունը հերոսություն եւ խիզախություն, միայն հանուն հայրենիքի կատարվող տանջանք ներկայացնող մոնոպոլիստներն ու օլիգոպոլիստնե՞րն են կեղծ հերոսներ, իրենց հերոս թիկնապահներով հանդերձ:
Արդյոք իշխանությունը հասկացել է, որ տարիներ շարունակ այդ բոլոր տեսակները հերոսացնելով` հանուն քաղաքական ու տնտեսական անսահմանափակ իշխանության եւ դրան զրահ հանդիսացող հոգեբարոյական պետական ու հասարակական անկումի, այժմ չկա մեկը, ով բարեխոսի ներքին ու արտաքին չափազանց բարդ մարտահրավերների առաջ կանգնած իշխանության համար եւ որի խոսքին հասարակությունը գրոշի արժեք տա:
Թե՞ վերը թվարկված «հերոսական» բոլոր տեսակները կամ կատեգորիաները իշխանության համար շարունակում են մնալ հերոսական, իսկ մտավախությունն էլ ընդամենն այն է, որ այդ իշխանաստեղծ հերոսների կողքին մանուկները, պատանիները կարող են հերոս դիտել ներկայիս քաղաքացիական ակտիվիստներին, որոնք լինելով քաղաքական տարբեր ճամբարներում, կամ զուտ քաղաքացիական նախաձեռնություններում, աշխուժորեն պայքարում են տարբեր ոլորտներում օրենքի եւ իրավունքի գերակայության համար:
Նրանց ջանքի շնորհիվ, Հայաստանում կարծես թե հերոսի նոր կատեգորիա է ձեւավորվում` քաղաքացու կատեգորիան, ինչի ուժգնացող ալիքի ներքո, իշխանության հերոսածին մեքենան սկսել է աշխատել նվազ արդյունավետությամբ, խափանումներով: Բոլորովին վերջերս անձեռնմխելի թվացող անուններ ու կարգավիճակներ այսօր ենթարկվում են հասարակության խիստ, իսկ երբեմն նաեւ կոշտ քննադատությանը, քանդվում են կուռքեր, կոտրվում են կարծրատիպեր: Հանրությունը դադարում է նույնացնել կուռք եւ հերոս հասկացությունները, հերոսների հանդեպ դառնում է խստապահանջ, պահանջում է հերոսության «իրեղեն» ապացույցներ, ոչ թե առասպելներ կամ լեգենդներ:
Ի՞նչ է ուզում իշխանությունը` ուզում է փոխե՞լ իր հերոսներին, հասկանալով, որ նրանք վաղուց արդեն սնանկ են ու իշխանությանն այլեւս ոչինչ չեն տալու, լրացուցիչ խնդիրներ ու հանրային հակազդեցություն առաջացելուց բացի, թե՞ ուզում է իր հերոսներից կառչած մնալ մինչեւ վերջ, կեղծ հերոսություն հռչակելով քաղաքացիական միտքը, իրավական գիտակցությունը:
Իշխանությունը պետք է հստակեցնի իր ուզածն ու պատկերացրածը, որովհետեւ Հայաստանում իսկապես կա հերոսի անհրաժեշտություն, ու հարցն իսկապես արդարացի է բարձրացված: Բայց պահանջվող հերոսի չափանիշը պետք է լինի ոչ թե օրը երեք անգամ ուտելուց առաջ «հանուն հայրենիքի» երդվելն ու ուտելուց հետո հայ ժողովրդին երկինք հանելը, այլ օրվա ամբողջ ընթացքում օրենքի եւ իրավունքի հստակ գիտակցումով ապրելն ու աշխատելը, սահմանադրական վարքի եւ քրիստոնեական կենսակերպի օրինակ լինելը: Եվ այդ հերոսությունը նախ եւ առաջ պահանջվում է իշխանությունից: Իշխանությունը չպետք է հերոսներ ձեւավորի. իշխանությունը պետք է ինքը հերոսանա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: