Wednesday, August 17, 2011

Վրացիների հավակնությունները տարածվում են հայաստանյան եկեղեցիների վրա

News.am. 17-8-2011- Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի այցից հետո Վրացական մամուլը հեղեղված է տարբեր մեկնաբանություններով, որոնք ակնհայտորեն միտված են սրելու երկու երկրների հարաբերությունները:
Այսպես, վրացական «Թբիլիսելեբի» պարբերականը զրուցել է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության ղեկավար, արվեստագիտության դոկտոր Գիորգի Գագոշիձեի հետ, ով անդրադարձել է, իր խոսքով, «Հայաստանում գտնվող վրացական մշակութային ժառանգությանը՝ վանքային համալիրներին»։
Վրացի արվեստագիտության դոկտորը դժվարանում է ասել, թե Հայաստանի տարածքում որքան եկեղեցի կամ վանք կա, քանի որ Հայաստանում այն դեռ լավ ուսումնասիրված չէ։
«Հայաստանում հայտնի են միայն մի քանի վրացական վանքային համալիրներ, որոնցից յուրաքանչյուրը իր մեջ ներառում են մի քանի եկեղեցիներ եւ աղոթարաններ։ Բացի այդ կան նաեւ վրացական եկեղեցիների փլատակներ, որոնց վրա պահպանվել են վրացական գրությունները: Այդ գրությունների մեծ մասը հիմա գտնվում են հայկական թանգարաններում, որոնց հավաստագրումը խիստ անհրաժեշտ է եւ այդ հարցը պետք է լուծվի հայ գործընկերների հետ»,- ասել է նա` ընդգծելով, որ այսօր Հայաստանի տարածքում գտնվող վանքային համալիրներըը գտնվում են քիչ թե շատ բարեկարգվիճակում։
«Օրինակ Ախթալայի վանքը, որը Հայաստանի տարածքում վրացական ամենամեծ համալիրն է, կառուցվել է 13-րդ դարում, Իվանե Մխարգրձելու կողմից եւ իր մեջ ներառում է չորս եկեղեցի, որտեղ խոնավ է»,- նշել է արվեստագիտության դոկտորը եւ հավելել, թե Ախթալայի վանքը գործել է մինչեւ 20-րդ դարի սկիզբը, եւ այսօր եկեղեցական ծառայություն չի մատուցվում, սակայն այն պատրաստ է պատարագի համար։ Նա նաեւ հայտարարել է, թե ուղղափառ մշակութային ժառանգության ակնառու մշակութային կոթող է Ախթալա գյուղի սրտում գտնվող 13-րդ դարի 50-ականներին կառուցած Գիորգիի անվան փոքրիկ եկեղեցին, որի վրա նույնպես կան վրացական գրություններ։

No comments: