Tuesday, August 16, 2011

Ամեն առավոտ «Ես թուրք եմ» ասելը Թուրքիայի փոքրամասնություններին չի երջանկացնում, բայց վախից լռում են

Tert.am. 16-8-2011- Թուրքիայի փոքրամասնությունների ներկայացուցիչները դեմ են Թուրքիայի բոլոր դպրոցներում ամեն առավոտ պարտադրվող աշակերտական երդմանը (Andımız), սակայն վախենում են բարձրաձայնել դա։ Այս մասին գրում է թուրքական Hürriyet Daily News պարբերականը և նշում, որ դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ իրենց հետ զրույցում փոքրամասնությունների ներկայացուցիչները ցանկացել են անանուն մնալ։
«Այդ երդումն անհատին ստիպում է մանկուց կտրվել սեփական մշակույթից։ Դա վնասում է մարդկանց «ես–ը»»,– պարբերականի հետ զրույցում ասել է սիրիացի քրիստոնյան։ «Ամեն օր ես ստիպված էի ասել, որ «Ես թուրք եմ»՝ չնայած որ հոգիս փոթորկվում էր այն մտքից, որ չեմ ասում՝ ես սիրիացի եմ։ Մի օր ես բացականչեցի, որ ես սիրիացի եմ, նրանք ինձ վրա հարձակվեցին՝ ասելով՝ «գյավուր»,– ասել է սիրիացին։
Հիշեցնենք, որ ամեն առավոտ թուրքական դպրոցներում պարտադրվող այդ երդումը սկսվում է հետևյալ խոսքերով՝ «Ես թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ, սկզբունքային եմ…» արտահայտությամբ և վերջանում աթաթուրքյան «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» արտահայտությամբ:
Այդ երդումը բոյկոտելու կոչերով բազմիցս հանդես է եկել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը։
Իսկ ահա հայ և հույն համայանքների առաջնորդներն ասել են, թե իրենք հնարավորություն չունեն իրենց կարծիքը հայտնել այնքան հանգիստ, որքան քրդերը։
«Ւնձ զայրացնում են ազգայնամոլական բոլոր հայտարարությունները։ Մենք չենք կարող մեր մտքերն նույնքան հանգիստ արտահայտել, որքան քրդերը։ Եթե դա անենք, ապա վատ իմաստով ուշադրության կարժանանանք»,– ասել է հայ համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

No comments: