Monday, August 8, 2011

.Ադրբեջանը շարունակում է ամերիկյան զենք ձեռք բերելու փորձերը

Bnaban.am. 8-8-2011- ԱՄՆ-ն երբեք զենք չի առաքել Ադրբեջան: Այն, ինչ անում է Պենտագոնը Ադրբեջանում մի շարք ռազմական ուսումնական ծրագրեր են, որոնք ուղղված են երկրի ինքնապաշտպանությանը եւ ադրբեջանական զորքերի տեղակայմանը Իրաքում եւ Աֆղանստանում:
Վաշինգտոնյան աղբյուրներից «Թուրան»(Turan) գործակալությանը հայտնի է դարձել, որ ամերիկյան զենքի առքը միշտ եղել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների գլխավոր թեմաներից մեկը: Վերջերս Ադրբեջանը դարձյալ սկսել է լրջորեն աշխատել այդ ուղղությամբ` ԱՄՆ-ից «ինքնապաշտպանական զենք», մասնավորապես, հակաօդային պաշտպանության եւ հակատանկային համակարգեր ձեռք բերելու նպատակով:
«Ադրբեջանցի լոբբիստները եւ նրանց դաշնակիցները ԱՄՆ-ի մայրաքաղաքում Բաքվից նոր առաջադրանք են ստացել` Ադրբեջանի համար ստանալ ամերիկյան սպառազինություն»,– հաղորդել է աղբյուրը:
«Մի քանի տարի առաջ այդ հարցը գրեթե ձեւավորում էր ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, բայց այն ժամանակ Բաքուն նահանջեց` հասկանալով, որ անվճար չեն կարող ստանալ ամերիկյան զենք»,– «Թուրան»ի թղթակցին պատմել է Ադրբեջանի նախկին լոբբիստներից մեկը` ավելացնելով, որ Վաշինգտոնի ադրբեջանամետներն այժմ պնդում են, որ նավթով հարուստ երկիրը կարիք չունի օգնության եւ կարող է ԱՄՆ-ից գնել սպառազինությունը:
Սակայն Վաշինգտոնում Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի բաժնի ավագ գիտաշխատող Է. Ուէյն Մերին ասում է, որ ԱՄՆ-ն նախորդ երեք վարչակազմերի օրոք ունեցել է եւ ունի հստակ քաղաքականություն` Կովկասի տարածաշրջանային հակամարտությունները զերծ պահել մահաբեր ռազմական տեխնիկայից:
«Այդ պատճառով ԱՄՆ-ն զենք չի վաճառում Ադրբեջանին եւ Հայաստանին: ԱՄՆ-ն համագործակցում է երկու երկրների հետ էլ, սակայն ոչ մահաբեր հարթությունում: Այդ համագործակցությունը կամ երկկողմանի է, կամ էլ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում է»,– «Թուրան»ի վաշինգտոնյան թղթակցին ասել է Մերին, որը երկար տարիներ աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարությունում եւ Պենտագոնում:
«Ռազմական առաքումներն այլ երկրներ կարգավորվում են ԱՄՆ օրենսդրությամբ եւ պետք է ստանան Պետքարտուղարության եւ Պենտագոնի հավանությունը: Այդ առաքումները պետք է համապատասխանեն ԱՄՆ-ի քաղաքականությանն ու շահերին: Ադրբեջանի եւ Հայաստնի դեպքում առաջնորդող քաղաքականությունը ոչ թե հակամարտությանը ռազմական առաքումներով նպաստելն է, այլ` դիվանագիտական լուծումը: Իսկ, թե ինչ են անում այդ երկրները մյուս պետությունների հետ` իրենց խնդիրն է»,– ավելացրել է Մերին:

No comments: