Monday, August 8, 2011

Մախաթը պարկում չես թաքցնի

Hraparak.am. 8-8-2011- Մեր թերթի օգոստոսի 4-ի համարում անդրադարձել էինք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի Արցախ կատարած այցին: ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, նա հանդիպել էր նախագահ Բակո Սահակյանին եւ քննարկել «բանակաշինության եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր»:
Մենք գրել էինք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Երեւանում զինվորականների հետ մի հավաքի ժամանակ ելույթ է ունեցել եւ արտահայտվել ազատագրված հողերը թշնամուն հանձնելու օգտին, դա պատճառաբանելով նրանով, որ հակառակորդն այսօր ուժեղ է եւ այլն։
Մեր հրապարակած նյութը լայն արձագանք է գտել։ Երեկ «Չենք լռելու» երիտասարդական կազմակերպությունը դատապարտել է հողեր հանձնելու մասին գեներալ-գնդապետի հայտարարությունը, իսկ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը կայքերից մեկին ասել է, թե նման բան չի եղել, հակառակ դեպքում «Հրապարակը» կնշեր հանդիպման վայրը, տեղը եւ մասնակիցներին։
Մեր աղբյուրներից փորձեցինք նոր մանրամասներ ձեռք բերել վերոհիշյալ հանդիպման վերաբերյալ։ Հատուկ Դավիթ Կարապետյանի համար նշում ենք՝ զինվորականների հետ հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին, ժամը 3-ին, ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում, որտեղ սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնակատարությանը նախապատրաստվելու մասին իր ելույթում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է նաեւ ազատագրված հողերը հանձնելուն, խոսել է Ադրբեջանի կազմում Արցախին տրվելիք բարձր կարգավիճակի մասին եւ նշել, որ դա անհրաժեշտություն է, ինչն առաջացրել է նախկին ազատամարտիկների զայրույթը, եւ անգամ վիճաբանություն է ծագել:
Մենք հուլիսի 26-ին անդրադարձել էինք այս միջադեպին, հերոս գեներալի անունը փոխելով, որպեսզի չվնասենք մեզ տեղեկություն տված անձանց, սակայն պրն. Խաչատուրովը հասկացել էր, որ հրապարակումն իր մասին է, եւ հաջորդ հանդիպման ժամանակ զինվորականների մոտ արդարացել, թե դա իր կարծիքը չէր, ինքը շարադրել է մեր կառավարության, իշխանությունների տեսակետը:
Սա է իրողությունը։ Մենք մեր մասնագիտական պարտականություններն ենք կատարում, եւ եթե մեր հրապարակած այս կամ այն տեղեկատվությունն այս կամ այն պաշտոնյայի քիմքին հաճելի չէ, դա արդեն իր խնդիրն է։ Ժողովրդական հանրահայտ ճշմարտությունն ասում է՝ մախաթը պարկում չես թաքցնի։ Հատկապես երբ այդ «պարկը» պատկառելի նիստերի դահլիճ է, եւ այնտեղ նստած են եղել յոթ տասնյակից ավելի զինվորականներ։
Արեգ Վարդանյան, Ստեփանակերտ

No comments: