
Նման խարդախութիւններ են կատարւում նաեւ Արին Կապիտալ Ներդրումային ընկերութիւնում, սակայն, ի տարբերութիւն Նորաշէն 2007ի կամ նման այլ շինութիւնների, այստեղ խարդախները աւելի են կատարելագործուած, ունեն աւելի ուժեղ «ընկերներ» եւ նրանք դեռեւս կարողանում են շարունակել թալանն ու խուսափել պատասխանատուութիւնից: Այսօր ես՝ Էդմոնդ Խուդեանս՝ Արին Կապիտալի հիմնադիրը, այդ նոյն զոհերից մէկն եմ եւ պայքարում եմ կազմակերպուած խմբի դէմ, որի մէջ կան փաստաբաններ, հաշուապահներ, դատաւորներ, սնանկութեան գործով կառավարիչներ եւ կոռումպացուած ու անտարբեր կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաներ:
Նախապատմութիւնը հետեւեալն է: 2004 թուին ձեռք եմ բերել Մաշտոցի 33 հասցէում գտնուող 4 յարկանի շէնքը՝ ($600,000) այն վերանորոգելու եւ վաճառելու նպատակով, որի վերանորոգման աշխատանքներն յանձն առած անձը՝ Վլադիսլաւ Մանգասարեանը, շէնքը քանդում է առանց իմ թոյլտուութեան՝ այն իմ շինութեան կողքին գտնուող Մաշտոց 33ա տարածքին միացնելու եւ այնտեղ բարձրայարկ շէնք կառուցելու նպատակով: Դրութիւնը սրւում է մեր երկուսի միջեւ, եւ ինձ է զանգահարում մեր ընդհանուր գործընկեր, ներկայիս ՀՀ Նախագահի եղբայր Լեւոն Սարգսեանը: Նրա խնդրանքով համաձայնում եմ կարճաժամկէտ ներդրում անել եւ ձեռք եմ բերում Մաշտոցի 33ա տարածքը ($1,000,000), պայմանով որ իմ մասնակցութիւնը պէտք է աւարտուէր 2006թ. Մայիսին՝ վերադարձնելով իմ ներդրած գումարներն ու որոշակի շահ: Ձեռք եմ բերում Լեւոն Սարգսեանի երաշխաւորութիւնը, որ ամէն բան կարգին կը լինի եւ պայմանագիր կնքում Մանգասարեանի հետ ու սպասում Մայիս 2006ին: Պայմանաւորուածութիւնը չի իրականանում, եւ սկսւում է մի տառապալի գործընթաց. կատարել էի $1,600,000 ներդրում եւ ստիպուած էի սպասել: Մանգասարեանը էլի է խախտում պայմանագրիը, իսկ Լեւոն Սարգսեանը նորից է խոստանում օգնել: Տպաւորութիւնն այնպիսին էր, որ նրանք չեն ցանկանում, որ ես գնամ:
Ըստ պայմանաւորուածութեան, ինձ մօտ առաջանում է $1,000,000 ԱՄՆ վերադարձնելու պահանջ եւ Մանգասարեանը դիմում է Աւիոտրանս ընկերութեանը $1,000.000 վարկի, որից $450,000ը իւրացնում է: Պայթիւնավտանգ դրութիւն է սկսւում, եւ Լեւոն Սարգսեանի միջամտութեամբ «նորից ենք շարունակում»: Մէկ տարի յետոյ գալիս է վարկը մարելու ժամանակը, եւ վարկի գումարը դարձած է լինում $1,270,000. (դրամի կուրսը 25 տոկոս բարձրացել էր): Չնայած պայմանաւորուածութեան՝ Մանգասարեանը ոչինչ չի ձեռնարկում պարտքը վերադարձնելու համար, ինձ է խնդրում միջոցներ ձեռնարկել՝ գնորդներ բերելու համար: Ես ստիպած էի քայլեր անել, այլապէս «Աւիոտրանսը» շէնքը «տանելու» էր: Մայիս/Յունիս 2007ին դժուարութեամբ գնորդներ եմ ներգրաւում եւ վարկը մարում եմ: Այնուհետեւ, հակառակ իմ ցանկութեան, բայց այլ ելք չունենալով՝ ակտիւ աշխատանքներ եմ տանում՝ արդէն որպէս շէնքի սեփականատէր: Նորից ներգրաւում եմ բազմաթիւ գնորդներ (հիմնականում սփիւռքից)՝ իւրաքանչիւր գործարք նախօրօք համաձայնեցնելով Մանգասարեանի հետ: Վաճառքից գումարներ եմ վերցնում եւ տրամադրում Մանգասարեանին ու շինարարութեանը:
2007թուի ընթացքում որոշում ենք աշխատանքները շարունակել Մանգասարեանի վաղեմի ընկեր Ղեւոնդ Ղալումեանի հետ, ում Մանգասարեանը $1,000,000 գումար էր պարտք: Եռակողմ պայամանգրով իմ եւ «ցուցակագրուած» գնորդների ներդրումների հաշուին կառուցուած 9,167 քմ. մակերեսով կիսակառոյցը 2007 թուին ներդնում եմ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸում եւ ընկերութիւնում ունեցած իմ 100 տոկոս բաժնեմասերի 21 տոկոսը տալիս Մանգասարեանի աղջկայ ամուսնուն՝ Հայկազ Սարգսեանին, 17 տոկոսը՝ Ղեւոնդ Ղալումեանին: Մանգասարեանը, որպէս շինարարական կազմակերպութիւնների ղեկավար, յանձն է առնում շինարարութիւնն աւարտին հասցնելը, իսկ Ղեւոնդ Ղալումեանը՝ հարկային եւ պետական այլ մարմինների հանդէպ պարտաւորութիւնների պատշաճ կատարումը եւ ընկերութեան բնականոն գործունէութեան ապահովումը: Ընկերութեան տնօրէն եմ նշանակում իմ ընկերոջը՝ Էդուարդ Եսայեանին, ով, իմ կարծիքով, ինձ հաւատարիմ էր, եւ նրան եմ լիազօրում իմ անունից հանդէս գալ ընկերութիւնում, բանկում եւ այլն:
2010ի սկիզբներին յայտնի է դառնում, որ մասնակիցները հաշուապահութիւնից «անյայտացրել» են իրական գնորդների հաշուապահական գրանցումները (այն նոյն գնորդների, ում գումարներով փակեցի «Աւիոտրանս»ի վարկը), եւ ի յայտ են եկել նոր, անյայտ «գնորդներ»: Սա արդէն յանցագործութիւն էր, եւ երբ ես փաստաբանի դիմեցի ինձ կտրականապէս փակուղի տարան: Չունէի ընկեր, չունէի փաստաթղթեր, իսկ հաշուապահութիւնում իրենց մարդիկ էին: Չցանկանալով դատարաններում կռուել՝ համոզեցի, որ եթէ իմ գումարներն էլ իրենք տանեն, մենակ թէ գնորդներին տան իրենց ունեցուածքը: Սիրով համաձայնեցին, սակայն Հայաստանից վերադառնալուց յետոյ սկսուեց մասսայական (զանգուածային-Խմբ.) տարածքների անյայտացումը: Եռեակը յանցաւոր համաձայնութեան էր եկել, եւ ընկերութիւնը թալանում էին՝ գոյքը անյայտ մարդկանց տալով եւ ընկերութեան վրայ կեղծ վարկեր ձեւակերպելով: Միայն 2010թուի վերջին է յայտնի դառնում, որ «ընկերները» $3,000.000 վարկեր են ձեւակերպել ընկերութեան անունից, ընկերութեան գոյքը բռնագրաւելու եւ գնորդներին «քցելու» նպատակով:
Հոկտեմբեր 2010ին դիմում եմ Լեւոն Սարգսեանին՝ յայտնելով, որ թալան է տեղի ունեցել, նա էլ պահանջում է գնալ Երեւան եւ փաստել, յայտնում է, որ մեղաւորը պատժուելու է, նաեւ դժգոհութիւն է յայտնում իրեն տուած 13րդ հարկում 300 քռ.մ. տարածքի փոքր լինելու համար: Հոգիս կտոր-կտոր էր լինում: Այս մարդու խնդրանքին ընդառաջ գնալով՝ 6 տարի է տառապում էի այս հարցով, այժմ անդունդի եզրին եմ յայտնուել, իսկ նա դեռեւս պահանջ ունի ինձնից եւ այս տեսակ մարդը մտաւորական է համարւո՞ւմ: Արագ գնում եմ Երեւան, եւ բոլորով հանդիպում ենք: Լեւոն Սարգսեանը աուդիտ (հաշուական քննութիւն-Խմբ.) է հրաւիրում եւ 2.5 ամիս աշխատելուց յետոյ, արդիւնքը ներկայացւում է բոլորիս: Բացայայտուել էր Մանգասարեանի, Ղեւոնդ Ղալումեանի եւ Էդուարդ Եսայեանի կողմից առնուազն $4,500,000 թալանը, եւ կարծես թէ մեղաւորը պէտք է պատժուէր, բայց Լեւոն Սարգսեանը հրաժարւում է որեւէ մէկին պատժելուց 2005 թուի իր ընկերոջ սիստեմատիկ (համակարգուած-Խմբ.) խարդախութիւններին 6 տարի դիմակայելուց յետոյ, իմ ներդրումների շնորհիւ 13րդ հարկում 300 քռ.մ. բնակարան ստանալուց յետոյ նա «ձեռքերը լուաց» եւ հրաժարուեց օգնելուց: Եթէ ես սխալւում եմ կամ այլ կերպ եմ ներկայացնում փաստերը, թող նա ասի, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, եթէ կարող է, թող արձագանգի Նա ինքն էլ լաւ գիտի իր ընկերոջ ով լինելը եւ «չէզոք» դիրք է գրաւե՞լ:
Այնուհետեւ դիմել եմ դատարան, որպէսզի պաշտպանեմ նախնական պայմանագրերով տարածքներ գնած անձանց, իմ եւ ընկերութեան խախտուած իրաւունքները: Սակայն ամենասկզբից յայտնի դարձաւ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի վրայ լուրջ ազդեցութիւն կայ, եւ գործերն ընթանում էին իմ դէմ ուղղուած ապօրինութիւններով, որոնց վերաբերեալ լրատուական հրապարակումներ եղան: Այդ ժամանակ նրանց կողմից կազմակերպուեց եւ իրականացուեց ընկերութեան սնանկութեան պրոցեսը (գործընթացը-Խմբ.): Չնայած այն հանգամանքին, որ սնանկութեան՝ կանխամտածուած լինելու բոլոր փաստերը ներկայացուել են դատարանին, դատարանն ուղղակի անտեսեց դրանք: Իսկ սնանկութիւնը այլ նպատակ էր հետապնդում, որ իմ կողմից ներկայացուած հայցերը չքննուեն, եւ ժամանակ ունենան թալանը աւարտին հասցնելու համար: Իմ կողմից ներկայացուած դիմումի հիման վրայ ամիսներ անց «կեղծ սնանկութեան» փաստերով քրէական գործ է յարուցուած, որով մեղաւոր անձինք ակնյայտ են, սակայն ամիսներ շարունակ նրանց մեղադրանք չի առաջադրւում, եւ ընկերութեան սնանկութեան գործի շրջանակում նրանք բացայայտօրէն աւարտին են հասցնում իրենց յանցաւոր նպատակները: Ինչպէ՞ս եղաւ, որ ընկերութեան հիմնադիրը դատաւորներին եւ սնանկութեան կառավարչին ներկայացնում է փաստեր՝ ընկերութեան ֆինանսապէս առողջ լինելու մասին, իսկ նրանք անտեսում են փաստերը եւ ընկերութիւնը տանում սնանկութեան: Ինչպէ՞ս եղաւ, որ ներկայացնում ենք եռեակի կողմից վարկերի՝ «սարքուած» լինելու փաստեր, եւ դատաւորներն ու կառավարիչը դրանք հաշուի չեն առնում: Ներկայացնում ենք գնորդների հաշուապահական գրանցումներն անյայտացնելու փաստերը, եւ դատաւոր/կառավարիչը նորից անտեսում են փաստերը: Ինչպէ՞ս եղաւ, որ Վլադիսլաւ Մանգասարեանը միլիոնաւոր դոլարների թալան է իրականացրել անմեղ մարդկանցից ու պետութիւնից ու դեռեւս մնում է անպատիժ: Ինչո՞ւ են իմ դիմումները ղեկավարութեանը մնում անպատասխան: Արդեօ՞ք նրա յանցաւոր գործարքները «փակւում են», քանի որ կապեր կան նրա եւ նախագահի ընտանիքի միջեւ: Չեմ կարծում որ նախագահը տեղեակ կը լինի եղբօր մութ գործարքներից եւ կարծում եմ, որ նախագահը իրօք փորձում է բարեփոխումներ կատարել ու այս հարցը նա անպատասխան չի թողի, բայց եկէք ապրենք ու տեսնենք:
Հայաստանի դատական համակարգը, որի միջոցով պէտք է իրականացուի խախտուած իրաւունքների պաշտպանութիւնը, ամենակոռումպացուած համակարգն է, քանի որ գործում է «վերեւից իջեցուած պատուէրով»: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանում սնանկութեան գործով դատաւորի (դատ. Կարինէ Պետրոսեան) ապօրինութիւնների դէմ բողոքներ են ներկայացւում վերաքննիչ դատարան, սակայն մինչ տուեալ բողոքի քննարկումը, քրէական գործի առկայութեան պայմաններում, հերթական ապօրինի որոշումներն են կայացւում եւ սնանկութեան գործով կառավարչի կողմից ընկերութեան տարածքները յանձնւում են Վլադիսլաւ Մանգասարեանի կողմից նշուած անձանց: Դրա դէմ հայց է ներկայացուել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարան, սակայն մի քանի օր է, որ դատաւոր Արայիկ Մելքումեանի աշխատակազմը միաձայն ստում է, որ իբր հայցադիմումը վարոյթ ընդունելու եւ տարածքների արգելանքի հետ կապուած որոշումներն ուղարկուել են, սակայն չեն յայտնում, թէ ինչ որոշում է կայացուել: Դատարանի գրասենեակից ճշդւում է, որ նման որոշումներ չեն ուղարկուել: Այսինքն «խոշորացոյցի տակ» արհեստականօրէն պատճառներ են որոնում, որ հայցադիմումը վարոյթ չընդունուի: Սակայն դեռեւս չեն կարողանում նման հիմքով մերժել հայցադիմումի վարոյթ ընդունելը, բայց դիտաւորեալ ուշացնում են սնանկութեան վարոյթով ապօրինաբար ընկերութեան գոյքը վաճառելու գործարքների վիճարկումը, յատկապէս դրանց նկատմամբ արգելանք կիրառելու որոշման կայացումը: Մի քանի օր առաջ Կենտրոն-Մարաշ դատարանից մէկ այլ դատաւոր (դատ. Ալեքսէյ Սուքոյեան) ապօրինաբար՝ առանց ինձ ծանուցելու, նիստ է նշանակել եւ որոշում ընդունել, որի արդիւնքում հիմնականում սփիւռքահայութեանը պատկանող մի քանի տարածքներ են յանձնուել Վլադ Մանգասարեանի կողմից բերուած նոր «գնորդներին»:
Թալանը դեռեւս շարունակւում է: Յունիսի 29ին նշանակուած էր ընկերութիւնում մնացած գոյքը աճուրդի հանելու եւ վերջնականապէս «մաքրելու» ընկերութեան ունեցուածքը, եւ վստահ եմ, որ մի քանի օրից այն ի կատար կ՛ածուի: Սնանկութեան գործով կառավարիչը ցնծութեան մէջ է, նա վերջին 10-15 օրուայ ընթացքում ընկերութիւնից գրպանեց $48,000՝ սնականութեան գործով տարածքներն ընկերութիւնից «տանելու» եւ Վլադ Մանգասարեանին յանձնելու իրենց պլանին համաձայն: Դրա համար նաեւ շնորհաւորում եմ Կենտրոնի դատաւոր Կարինէ Պետրոսեանին:
Շէնքում տարածքներ են «ձեռք բերել» բարձրաստիճան պաշտօնեաներ: Այդ տարածքների մեծ մասը անփող գործարքներ են: Վլադ Մանգասարեանը սնանկութեան գործերով կողոպուտ կազմակերպելու հմուտ մասնագէտ է: Ինքը սնանկ, իր ընկերութիւնները սնանկ, բայց միլիոնաւոր դոլարների հասնող գործարքներ է իրականացրել, եւ կառավարութիւնն ու հարկային մարմինները դա «չեն նկատել»: Իսկ դեռեւս 2000 թուին նա Ակունք բանկի կառավարչի հետ թալան է արել, յետոյ նրանց կռուից դատական ընթացքն ինձ բաժին ընկաւ, երբ Ակունք Բանկը 2006 թուին իմ շէնքի վրայ արգելանք դրեց՝ որպէս Վլադի ապագայում ստացուելիք տարածքներ: Դատարանի շեմին նրանք հասկացան, որ ինձ ներքաշելով իրենց խարդախ կռուի մէջ, կը բացայայտեն իրենց սեւ գործերը, եւ անմիջապէս արգելանքը հանեցին շէնքի վրայից:
2010 Նոյեմբերին դիմել եմ ՊԵԿին՝ յանցագործութիւնները բացայայտելու եւ մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու համար: Առ այսօր քրէական գործ է յարուցուած, եւ ընթացքը անորոշ է: 2011 Մարտին դիմել եմ Հանրապետութեան նախագահին, գլխաւոր դատախազին, ոստիկանապետին, Արդարադատութեան եւ Սփիւռքի նախարարներին, Լոս Անջելեսի Հայաստանի Հիւպատոսին, դիմել եմ, որ $4,500.000 թալանել են, եւ շուտով դատաւորների ու սնանկութեան գործով կառավարչի հմուտ ձեռքերով եւս $2,000.000 են տանելու, սակայն դիմումներն անպատասխան են մնում եւ վերահասցէաւորւում են այլ մարմինների, որոնք էլ յայտնում են, որ իրենց իրաւասութեան մէջ չեն մտնում այդ հարցերը: Բայց իւրաքանչիւր դիմումից յետոյ սնանկութեան գործով, «փակ դռների հետեւում», դատաւորն ու կառավարիչն աւելի մեծ արագութեամբ են ընկերութեան տարածքները փոշիացնելուն ուղղուած որոշումներ կայացնում եւ գործողութիւններ իրականացնում: Առանց ֆինանսական վերլուծութիւնների ընկերութիւնը լուծարւում է: Տպաւորութիւն է ստեղծւում, որ իւրաքանչիւր դիմումից յետոյ թալանն արագացնելու հրահանգ է ստացւում եւ հարցի նման լուծման հիմքում տեսնում եմ «Հայկական հարցի» նմանութեամբ այն յանցաւոր գաղափարը, որ «չկայ հայ, չկայ հայկական հարց», իսկ իմ պարագայում՝ «չկայ ընկերութիւն, չկայ ընկերութեան թալան, չկայ կանխամտածուած սնանկութիւն, չկայ խաբուած ներդրող եւ չկան խաբուած գնորդներ»:
Դատարանների ու Կառավարութեան անտարբերութիւնը լուրջ կասկածների տեղիք է տալիս այն մասին, որ կառավարութիւնը ամէն գնով փորձում է այս հարցը փակուղի տանել՝ հետքերը մաքրելու համար: Դրա համար ես դիմել եմ Հայաստանում ԱՄՆի հիւպատոսարանին եւ ԱՄՆում մարդու իրաւունքների քարտուղարի օգնական Թոմաս Մելիային, նրանց հետ աշխատանքներ են տարւում այս ուղղութեամբ: Միաժամանակ նամակներ են ուղղւում սփիւռքի Հայ գործիչներին, կազմակերպութիւններին եւ լրագրողներին, ինչպէս նաեւ Glendale News Press եւ Լos Angeles Times-ի խմբագիր Դան Էւանսին, լրագրող Բիլ Օ՛նէիլին: Շուտով՝ CNN-ին:
Յարգելի գնորդներ, Վլադիսլաւ Մանգասարեանի, Ղեւոնդ Ղալումեանի, Էդուարդ Եսայեանի՝ ընկերութիւնից ապօրինաբար ձեր տարածքների հաշուապահական գրանցումներն անյայտացնելու, կառավարիչ Հրանտ Ղամբարեանի եւ դատաւոր Կարինէ Պետրոսեանի կանխամտածուած եւ ապօրինի որոշումներով այս խմբին նպաստելու համար խնդրում եմ ներկայանալ Հայաստան՝ բողոքի ակցիա կազմակերպելու եւ նրանց պատասխանատուութեան ենթարկելու համար: Հանդիպման մանրամասնութիւնների մասին ես ձեզ կը տեղեկացնեմ առանձին:
Գնորդներին:
1. Էդգար Մասիհի Շահբազեան – Թեհրան / ԱՄՆ
2. Ռաֆֆի Եսայի – Թեհրան
3. Արա Մելիք Միրզայեանս – Թեհրան
4. Տիգրան Սարգսեան – ԱՄՆ
5. Կարինէ Բէգիջանի – Թեհրան / ԱՄՆ
6. Աշոտ Աբրամեան – Ստուդիոյ Սիտի / ԱՄՆ (2 տարածք)
7. Ռիտա Ֆիլիկեան – Բըրբանկ / ԱՄՆ (2 տարածք)
8. Սարօ եւ Նարեկ Հարթունեան – Նիւ Ջերսի նահանգ / ԱՄՆ (3 տարածք)
9. Փառեն Պարսիղ Բարսեղեան – Սիրիա
10. Արմէն Բագիրով – Մոսկուա
11. Նունէ Սահակեան – Մոսկուա
12. Վալոդեայ Սարգսեան – Երեւան
13. Դաւիթ Յարութիւնեան – Երեւան
14. Միքայէլ Կեմեչեչեան – Երեւան
15. Լուսինէ Գիւլխասեան – Երեւան
16. Հրանտ Դադայեան – Երեւան
ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴԵԱՆ
Գլենդեյլ, ԱՄՆ
Յուլիս 6, 2011
Բաց Նամակ Հայաստանի Նախագահին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին,
ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանին,
ՊԵԿի նախագահ Գագիկ Խաչատրեանին,
ՀՀ Արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանին,
ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսեանին,
Յարգելի պարոնայք,
Ափսոսանքով եմ յայտնում, որ ամիսներ առաջ Մաշտոց 33/1 եւ Մաշտոց 33/ա շէնքերի վերաբերեալ Ձեզ ուղղուած իմ պաշտօնական հաղորդումները մատնուեցին բացարձակ անուշադրութեան, եւ անգործութեան արդիւնքում կազմակարպուած մի խմբի (Էդուարդ Եսայեան, Վլադ Մանգասարեան, Ղեւոնդ Ղալումեան, հարկայինի պետ, սնանկութեան գործով կառավարիչ Հրանտ Ղամբարեան, դատաւորներ, փաստաբաններ, հաշուապահ) յաջողուեց իմ կողմից հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերութիւնից անյայտացնել առնուազն $5,600,000ի անշարժ գոյք: Աւելին՝ ՊԵԿի աշխատակցի (նախկին Սպանդարեանի հարկային պետ՝ Արտակ Ղուկասեան) ջանքերով եւ կազմակերպուած խմբի համատեղ աշխատանքներով 2010թ. Սեպտեմբերին ընկերութեան տարածքների վրայ դրուած դատարանի արգելանքը «ժամանակաւորապէս չկիրառուեց» եւ նոր տարածքներ վաճառուեցին:
Ամիսներ շարունակ տեղից չշարժուող 83159711 քրէական գործը մէկ ամիս առաջ «տեղափոխուել է» ՊԵԿի մէկ այլ քննիչի՝ Տիգրան Յարութիւնեանի մօտ եւ դեռեւս յայտնի չէ նրա եւ «վերեւների» բռնած դիրքը յանցագործութիւնները բացայայտելու հարցում: Բացայայտել կը նշանակի անուներ առաջ քաշել, մեղադրանքներ առաջադրել: Իսկ հետքերը տանում են վերեւներ, գուցէ եւ ամենավերեւները եւ նրանց ազդեցութիւնը թոյլ չի տալիս այս խմբակային յանցագործութեան բացայայտումը: Իմ ներդրումների եւ Վլադ Մանգասարեանի հետ գործնական յարաբերութիւններ ունի ՀՀ Նախագահի եղբայր Լեւոն Սարգսեանը եւ նրա կապերը Վլադ Մանգասարեանի (խմբի կազմակերպչի) հետ խորն ու մութ են: Վլադ Մանգասարեանը կառավարական բարձրաստիճան պաշտօնեաների (օրինակ՝ փոխոստիկանապետ Գարիկ Գաբրիէլեանի) հետ շէնքում բազմաթիւ մութ գործարքներ են իրականացրել եւ քրէական մարմինները մինչ օրս աշխատանք են տարել քրէական գործերը աւելի շատ քօղարկելու, քան թէ բացայայտելու համար:
Հետեւապէս, կրկին ձեզ դիմելով, խնդրում եւ պահանջում եմ անմիջապէս միջոցներ ձեռնարկել այս քրէական գործին օրէնքի սահմաններում լիարժէք ընթացք տալու, յանցագործ խմբին պատասխանատուութեան ենթարկելու եւ ընկերութեան թալանուած տարածքները վերադարձնելու համար: Քանի որ այս գործում բացայայտ կոռուպցիայի հետքեր կան եւ այն արդէն մատնուել է «անուշադրութեան» հետեւաբար այս նամակի անգլերէն թարգմանութիւնը կ՛ուղարկուի նաեւ ԱՄՆ Պետ Դեպարտամենտ, մարդու իրաւունքների քարտուղար Պր. Թոմաս Մելիային, Եւրոմիութեան Պարլամենտի ներկայացուցիչներ Աքսել Ֆիշերին, Ջոն Պրեսկոտին, եւ Թոմաս Համմարբերգին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Մեյգան Բուլդինին, Թրանսպարենս Ինտերնէյշնալ հակա-կոռուպցիոն կենտորնին Բրիւսելում, Լոս Անջելես Թայմս թերթի խմբագիր Դան Էւանսին:
ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴԵԱՆ
Գլենդեյլ, ԱՄՆ
Օգոստոս 11, 2011
No comments:
Post a Comment