Monday, August 29, 2011

Եթե խնդիրը շատ մոտ ապագայում չկարգավորվի, ապա այն շատ երկար ժամանակով կհետաձգվի. Բրայզա

Tert.am. 29-8-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, «Зеркало» թերթին տված հարցազրույցում։
«Պակաս կարևոր չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունենրի կարգավորումը։ Այս խնդիրը կարևոր է մեր կառավարության համար և արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ դիրքերում է։ Գիտեմ, որ այս կարծիքը կիսում են նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլլարի Քլինտոնը», – ասել է Բրայզան։
Դեսպանը հիշեցրել է, որ Օբաման նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ շեշտել էր, որ տարածաշրջանում ստատուս–քվոյի պահպանումն անընդունելի է և կողմերը պետք է համարձակ քայլեր ձեռնարկեն բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման համար։ «Նախագահը շեշտել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունակ չեն ինքնուրույն ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, այդ պատճառով խնդիրը մնում է ոչ կառուցողական և վտանգավոր իրավիճակում։ Նա նաև իր մտահոգությունն էր հայտնել զինված ուժերի շփման գծում լարվածության աճի հետ կապված։ Օբաման խորհուրդ էր տվել ավելի համարձակ քայլեր անել հակամարտության կարգավորման համար։ Մինսկի խումբն օգնել է կողմերին պատրաստել բանակցությունների միջոցով հետագա արդարացի որոշումների կայացման համար հիմնարար սկզբունքների հիմնական դրույթների մշակման մեջ։ Կարծում եմ հակամարտության կարգավորում կողմերից փոզիջումներ կպահանջի», – հայտնել է Բրայզան։
Նրա խոսքով, մադրիդյան փաթեթը հիմնարար է և ներառում է բոլոր անհրաժեշտ հիմնարար սկզբունքները, որոնք կնպաստեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դրանում ներկայացված են սկզբունքների հերթագայությունը, որոնք ճգնաժամի հաղթահարման համար պետք է կիրառվեն՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունք։
«Հակամարտությունն արդեն երկար տարիներ լուծվում է, սակայն այսօր ոչ մի դրական արդյունք չկա։ Կողմերը չեն վստահում իրար, զիջումների չեն գնում, ինչն ավելի է խորացնում խնդիրը։ Եթե խնդիրը շատ մոտ ապագայում չկարգավորվի, ապա այն շատ երկար ժամանակով կհետաձգվի։ Ձգտում ենք, որ կարգավորումը անցավ և կողմերի շահերի նվազագույն վնասով տեղի ունենա։ Մադրիդյան սկզբունքներում մտածված և կշռադատված են լուծման տարբերակները», – ասել է Բրայզան։

No comments: