Monday, August 29, 2011

Թուրքիան պարտավորվել է վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներից խլած ունեցվածքը

Tert.am. 29-8-2011- Թուրքիայի կառավարությունն այս հանգստյան օրերին հրաման է արձակել, որը նախատեսում է վերադարձնել1936 թվականից հետո բռնագրավված հրեական և քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը։
«Էրդողանի այդ հրամանը, որը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի կրած զգալի կորուստներով և ԱՄՆ Կոնգրեսի՝ քրիստնյա փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի իրականացրած ճնշումների մանրազնին ուսումնասիրմամբ, կվերադարձնի Հայոց ցեղասպանության և դրան հաջորդած տասնամյակների ընթացքում բռնագրավված եկեղեցիների և եկեցեղական ունեցվածքի մեկ տոկոսից էլ պակասը»,– ասված է այս առիթով Ամերիկիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։
Իսկ ամերիկյան Associated Press գործակալությունը հաղորդում է, որ վերադարձի ենթակա եկեղեցական ունեցվածքը ներառում է նախկին մի հիվանդանոց, որբանոցի, դպրոցի շենքեր և գերեզմանատներ։ Գործակալությունը ընդգծում է, որ եկեղեցական ունեցվածքի վերադարձը Եվրամիության և Մարդու Իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի դեմ ներկայացված մի շարք հայցերի հիմնական պահանջն էր։ «Իսկ անցած տարի դատարանը Թուրքիայից պահանջել էր Հույն ուղղափառ եկեղեցուն վերադարձնել մի որբանոց»,– գրում է Associated Press–ը։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 43 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ամերիկացի կոնգրեսականներ Հովարդ Բերմանի և Դեյվիդ Չիչիլինեի առաջարկած լրացումը, որը Թուրքիային կոչ է անում իրենց օրինական տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները և դադարեցնել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումները։
Վերոնշյալ կոնգրեսականներն առաջարկել էին ԱՄՆ ԱԳՆ–ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում կատարել փոփոխություն, որի ձևակերպումները համահունչ էին դրանից առաջ ԱՄՆ Կոնգրես մտցված 306 բանաձևին։ Իսկ 306 բանաձևը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների՝ կրոնական ազատության իրավունքը, ինչպես նաև հայերին, ասորիներին, հույներին և մյուս քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։

No comments: