Tuesday, August 2, 2011

Իշխանության կողմից փոխզիջումը

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքից առաջ զրուցեցինք Կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այսօրվա հանրահավաքից:
- Այսօրվա հանրահավաքը հիմնականում կկրի ինֆորմացիոն բնույթ՝ կապված Կոնգրես-իշխանություն երկխոսության առաջին փուլի հետ, նաեւ առաջիկա քայլերը կներկայացվեն: Եվ որքանով այն կհետաքրքրի հասարակությանը, որքան մարդ կգա, այսօր կերեւա: Պետք է հաշվի առնել, որ օգոստոս ամիսն է, քաղաքը կիսադատարկ է, մարդկանց մեծ մասը բացակայում է քաղաքից: Ուստի՝ չգիտեմ որքան մարդ կգա հանրահավաքի:

- Ինքներդ գո՞հ եք երկխոսության առաջին փուլից:
- Ես իմ անձնական տեսակետը կներկայացնեմ, քանի որ կուսակցության քաղխորհուրդն առաջիկայում է պատրաստվում քննարկել այս հարցը: Անձամբ ինքս վերապահումով եմ մոտեցել երկխոսությանը: Տա Աստված, ես սխալ դուրս գամ: Կարծում եմ, տպավորություն ունեմ, որ երկխոսությունը երկար չի շարունակվի:

- Այսինքն՝ կարծում եք, որ իշխանությունները կփորձեն ժամանակ շահել, ու Կոնգրեսը սեպտեմբերին դո՞ւրս կգա բանակցություններից, թե՞ այնուամենայնիվ կկատարվի Կոնգրեսի պահանջը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
- Կոնգրեսն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որպեսզի երկրում անցնցում կերպով տեղի ունենա ժողովրդի կողմից իշխանության ձեւավորում: Սակայն իշխանությունը փորձում է իմիտացիա անել, ու ինչ-որ պահի միգուցե կփորձի գցել: Բայց Կոնգրեսը, բնականաբար, միամիտ չի, եւ ինչ-որ պահի դուռը շրխկացնելու ժամանակը գա:

- Այսինքն՝ ձեր կարծիքով, երկխոսությամբ իշխանությունը չի՞ գնա արտահերթ ընտրությունների, թե՞ եթե համաձայնվել է օրակարգի քննարկման առարկա դարձնել արտահերթ ընտրությունների հարցը, միգուցե մտափոխվի:
- Ոչինչ բացառված չի: Բացառված չի, որ իշխանություններն ինչ-որ պահի գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բայց դա Կոնգրեսի համար այնքան էլ ձեռնտու չէ: Այդ դեպքում մեծ կլինի հավանականությունը, որ ռեժիմի կողմից ընտրական պրոցեսը կվերահսկվի: Եվ այդ դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրանց կողմից կդառնա փոխզիջում: Դրա համար Կոնգրեսն ամեն ինչ պետք է անի, որ գնա արտահերթ նախագահական ընտրությունների: Այսինքն՝ իմ կարծիքով, արտահերթ ընտրություններ ասվածը վերաբերում է նախագահական արտահերթ ընտրությունների:

- Բայց Կոնգրեսից միշտ տեսակետ է հնչել, որ արտահերթ ընտրությունների երեւույթն ինքնին էականորեն կնվազեցնի, անգամ կչեզոքացնի ընտրակեղծիքների ինստիտուտը:
- Եթե կայանան արտահերթ ԱԺ ընտրություններ, կեղծիքների հավանականությունը հիսուն-հիսուն է: Արտահերթի պարագայում հասարակությունը մի փոքր ավելի սպասելիքներ ունի, հնարավոր է, որ իշխանությունն էլ միգուցե չկարողանա ամբողջական իրագործել կեղծիքի մեխանիզմը: Բայց թե որքանով Կոնգրեսը, այսինքն՝ մենք կկարողանանք վերահսկել ու խոչընդոտել կեղծարար համակարգի գործունեությունը, ես չեմ կարող ասել: Ի վերջո, եթե իշխանությունը գնա արտահերթ ԱԺ ընտրությունների, նաեւ իրենք են հաշվարկում դրա թեր եւ դեմ կողմերը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments: