Tuesday, August 23, 2011

Լիբիական պատերազմի հետեւանքները համաշխարհային եւ հայկական տնտեսության վրա

News.am. 23-8-2011- Թեեւ Լիբիայի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մեջ նշանակալից դերակատարում չունի, այս երկրում սպասվելիք քաղաքական փոփոխությունները էական ազդեցություն կարող են ունենալ համաշխարհային տնտեսության վրա: Առաջին` կէժանանա նավթը, երկրորդ` ժամանակավորապես կկայունանան համաշխարհային բորսաները:
Լիբիան նավթի պաշարներով Աֆրիկայում ամենահարուստ պետությունն է: Հենց միայն Տրիպոլիի գրավումը ազդակ եղավ, որ միջազգային շուկաներում նավթն էժանանա: Սա այն դեպքում, որ Լիբիան նույնիսկ կառավարության փոփոխությունից ու կայունացումից հետո դեռ երկար ժամանակ չի կարող վերականգնել նավթի արտահանմ,ան մինչպատեզազմական ծավալները: Մինչ 2009 թ. Լիբիան արտահանում էր օրական 1.5 մլն բարել նավթ, իսկ ներկայում առավելագույնը հնարավոր է 500 հազար բարել: Սակայն մասնագետներն այն կարծիքին են, որ նավթի մատակարար երկրներից մեկում անորոշությունների վերացումն արդեն իսկ դրական գործոն է: Նավթի միջազգային գինն անշեղորեն մոտենում է 1 բարել/80 դոլար մակարդակին, ու չի բացառվում, որ ավելի էժանանա:
Արեւմուտքի համար հաղթական ելք ունեցող ցանկացած պատերազմ դրական է անդրադառնում բորսայական ցուցիչների վրա: Այդպես եղավ Իրաքի կամ աֆղանական պատերազմների արդյունքում: Թեեւ լիբիական պատերազմը ֆորմալ առումով քաղաքացիական է, բոլորն էլ հասկանում են, որ Քադաֆիի պարտությունը ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է: Տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող կադրերը անթաքույց վկայում են, թե որքան անկազմակերպ ու անկարգապահ են Տրիպոլին գրավող ապստամբական ուժերը: Ուստի միջազգային շուկաները Քադաֆիի անկումը իրավամբ կարող են դասել գերտերությունների օգտին: Իսկ դա նշանակում է ամերիկյան ու եվրոպական ռազմարդյունաբերական ընկերությունների հեղինակության բարձրացում, դրանց արժեթղթերը կաճեն, իսկ պատվերները կընդլայնվեն:
Հայաստանի համար, իհարկե, առանցքային նշանակություն ունի նավթի գինը: Որպես էներգակիր ներմուծող երկրի` մենք շահագրգռված ենք նավթի էժանացմամբ, որովհետեւ դա դրական կանդրադառնա մեր արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա: Բացի այդ` Ադրբեջանի տնտեսական հզորությունը մեծապես հիմնված է էներգակիրների արտահանման վրա, հետեւաբար` նավթի էժանացումը նշանակում է ոչ բարեկամ երկրի ֆինանսական վիճակի վատթարացում: Բայց կա նաեւ խնդրի մյուս կողմը: Նավթը մեծ նշանակություն ունի նաեւ Ռուսաստանի համար: Ռուս փորձագետների կարծիքով` ռուսական տնտեսությունը բարդություններ կունենա այն դեպքում, եթե նավթի գինը 80 դոլարից պակաս լինի: Եթե նավթի բարելն արժենա, օրինակ, 50 դոլար, ապա Ռուսաստանում գնաճը կկազմի առնվազն 20 տոկոս, իսկ ռուսական ռուբլին էապես կարժեզրկվի: Իսկ սա կհարվածի Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների գրպանին, կնվազեն տրանսֆերտները եւ ռուսական ներդրումները Հայաստանում: Իսկ դա ժամանակավորապես ֆինանսական անկայունություն կստեղծի նաեւ մեր հանրապետությունում:

Սամվել Ավագյան

No comments: