Monday, August 22, 2011

Բաքվին բարկացրել է իրանցի դեսպանի գովեստը՝ Արցախի իշխանությունների հասցեին

News.am. 22-8-2011- Ադրբեջանական Aze.az լրատվական կայքի հաղորդմամբ`Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ռեզա Սաջադին հանդես է եկել «հակաադրբեջանական» հայտարարությամբ: Այն հարցին, թե «Ի՞նչ ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղում տիրող պայթյունավտանգ իրավիճակը հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա», Սաջադին պատասխանել է. «Մեզ մոտ բնակվում է ադրբեջանական մեծ սփյուռք և ոչ պակաս մեծ հայկական սփյուռք, ուստի մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ»:
«Հայաստանը և Ադրբեջանը`մեր հարևաններն են, և մենք ձգտում ենք չմիջամտել նրանց փոխհարաբերություններին: Նրանց հետ մենք հաստատել են երկկողմ հարաբերություններ, և մենք չենք խառնում և չենք կապում այդ հարաբերությունները գոյություն ունեցող հակամարտության հետ: Բայց մենք միշտ պատրաստ ենք մասնակցություն ունենալ այդ հակամարտության կարգավորման հարցում, եթե այդպիսի ցանկություն հայտնեն Ադրբեջանն ու Հայաստանը: Մենք չենք կարող մեր հարևաններին պարտադրել մեր կարծիքը`տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող այդ հարցում»,– ասել է դեսպանը:
Մեկնաբանելով Շուշիի մզկիթի վերականգնումը՝ Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է. «Դա Ղարաբաղի կառավարության կողմից մեծահոգի քայլ է: Մենք ողջունում, խրախուսում և հարգանքով ենք վերաբերվում նման նախաձեռնություններին»:

No comments: