Saturday, August 6, 2011

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետը ռազմական հանցագործ է. գերմանացի պատգամավորներ

Tert.am. 5-8-2011- Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Նեջդեթ Օզելը ռազմական հանցագործ է։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը, նշվում է Գերմանիայի Ձախ կուսակցությունից 5 պատգամավորների համատեղ հայտարարությունում։
Գերմանացի խորհրդարանականները դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ «ռազմական հանցագործ համարվող գեներալի հետ քրդական հարցը լուծել հնարավոր չի լինելու»։
«Նեջդեթ Օզելը պատասխանատվություն է կրում ոչ միայն քրդական շրջաններում իրականացված սպանությունների, խոշտանգումների ու բռնությունների, այլև՝ 1999թ. քուրդ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելու համար»,– նշվում է գերմանացի պատգամավորների հայտարությունում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ քրդական «Ֆըրաթ» գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ Նեջդեթ Օզելը ժամանակին քուրդ զինյալների դեմ օգտագործել է քիմիական զենք։
Ըստ «Ֆըրաթի»՝ Նեջդեթ Օզելը 1999թ. մայիսի 11–ին գլխավորել է թուրքական բանակի՝ Քրդստանի ազատագրության բանակի (ARGK) զինյալների դեմ իրականացված գործողությունը, որի ժամանակ օգտագործվել էր քիմիական զենք, ինչի հետևանքով զոհվել էր 20 քուրդ զինյալ։
Այդ գործողության համար Նեջդեթ Օզելը քրդերի շրջանում ստացել է «Քիմիական Նեջդեթ» մականունը։
Նշենք, որ նման մականուն էր ստացել նաև Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի ազգական Ալի Հասան ալ-Մաջիդը, ով մահապատժի ենթարկվեց 2010թ.։ Ալ-Մաջիդը 1988թ. գլխավորել է «Ալ Անֆալ» գործողությունը, որի ընթացքում քիմիական զենք էր օգտագործել Իրանի սահմանի մոտ գտնվող Հալաբջա քաղաքի բնակիչների դեմ, ինչի հետևանքով զոհվել էր 5 հազար խաղաղ քուրդ բնակիչ: Այդ գործողությունից հետո նա ստացել էր «քիմիական Ալի» մականունը։

No comments: