Saturday, August 6, 2011

Ինչու է Գալուստը ծաղրում Կոնգրեսին

«Լրագիր» 5-8-2011- Իշխանությունը Կոնգրեսի հետ նորից Գալուստ Սահակյանով է խոսում, ինչը դատելով նախորդ օրինակների տրամաբանությունից, թերեւս ենթադրում է, որ իշխանությունը պատրաստում է Կոնգրեսի պահանջներին ընդառաջ հերթական քայլը: Բանն այն է, որ նախկինում էլ Գալուստ Սահակյանը Կոնգրեսին ուղարկում էր “գրողի ծոցը”, իսկ հետո Սերժ Սարգսյանն իր “ծոցն” էր առնում Կոնգրեսին:
Գալուստ Սահակյանը օգոստոսի 5-ի ասուլիսում բավական հեգնել եւ ծաղրել է Կոնգրեսին: Դա ինչ որ առումով հասկանալի է իհարկե: Սահակյանն ինքը վերջին ժամանակներս հայտնվում է համանման իրավիճակում, նվաստացուցիչ, ծիծաղելի վիճակում, երբ ասենք հայտարարում է, թե ոչ մի պատվիրակություն էլ չի լինի կամ երկխոսություն կլինի Օջախ ռեստորանում, իսկ հետո Սերժ Սարգսյանը թե պատվիրակություն է ձեւավորում, թե ռեստորանի փոխարեն կառավարության ընդունելությունների տունն է տրամադրում:
Դա իսկապես նվաստացուցիչ վիճակ է Գալուստ Սահակյանի համար, ու նա կուզեր իհարկե արժանին մատուցել Սերժ Սարգսյանին, որ իրեն այդպես ծաղրում եւ նվաստացնում է անուղղակիորեն: Բայց, քանի որ Սերժ Սարգսյանին Գալուստ Սահակյանը համարժեք պատասխանել չի կարող, փորձում է Կոնգրեսի վրա շեղել իր վիրավորանքը, թերեւս համարելով, որ եթե Կոնգրեսը չնստեր երկխոսելու, Սերժ Սարգսյանն էլ իրեն այդպես չէր նվաստացնի:
Եթե այդպես է, ապա Սերժ Սարգսյանին թերեւս վաղուց ժամանակն է փոխել այդ ֆոնը, որովհետեւ, ինչպես հեռուստաօպերատորները կամ լուսանկարիչները կասեին` ֆոնն արդեն վառում է Սերժ Սարգսյանի դեմքը:
Իսկ եթե Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի ներիշխանական շղարշն է, որի կոշտ հռետորաբանության միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է հանգստացնել համակարգին, հավաստիացնելով, թե ինքը Կոնգրեսի հետ ընդամենը խաղում է` ինչպես կատուն մկան հետ, ուտելուց առաջ, ապա դա իհարկե այլ խնդիր է: Այդ դեպքում իհարկե Գալուստ Սահակյանը դառնում է երկխոսության անվտանգության երաշխավոր եւ պետք է խրախուսել Կոնգրեսին ուղղված նրա հեգնանքները, քանի որ դրանք երկխոսությունը զերծ են պահում ներիշխանական բիրտ համակարգի ոտնձգություններից: Որովհետեւ եթե Գալուստ Սահակյանը Կոնգրեսին էլ չհեգնի կամ չծաղրի, համակարգը մեկ էլ տեսար կարող է մտածել, որ ուրեմն Սերժ Սարգսյանն իսկապես հանձնում է իշխանությունը, ու մի զարկով վերջ կտա երկխոսությանը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ



No comments: