Saturday, August 27, 2011

ԴԱՐՁՅԱԼ ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱԶԳ», 27-08-2011- Հուլիսի 26-ին «Ազգ» թերթում կարդացի Ռ. Հովնանյանի «արդարահատույց գործողություն Ջեմալ փաշայի նկատմամբ» հոդվածը:
Արժանի գնահատելով Ռ. Հովնանյանի հոդվածը, որ նորից արժանիորեն մեզ է ներկայացնում մեր ժողովրդի լավագույն զավակներին, որոնք իրենց գործունեությամբ հավերժացել են եւ իրենց արժանի տեղն են գտել մեր ժողովրդի ազատագրական պայքարի պատմության մեջ, միեւնույն ժամանակ համաձայն չեմ Ռ. Հովնանյանի չհիմնավորված այն մեկնաբանությանը, որ Ջեմալ փաշայի սպանությունը չի կազմակերպվել եւ իրականացվել Շահան Նաթալիի ղեկավարած «Նեմեսիս» գործողության կողմից: Ես ցանկանում եմ ներկայացնել 30-ական թվականներին ՀԽՍՀ-ի Երեւանի քաղկոմի քարտուղար Աբել Օրդուխանյանի պատմածը, որը պաշտոնի բերումով ծանոթացել էր գործողության մասնակցի դատավորության նյութերին: Ա. Օրդուխանյանը պետական քաղաքական այն գործիչներից էր, որ ժամանակին աչքի էր ընկել ազնվությամբ, արդարամտությամբ, սկզբույնքայնությամբ, երկրին ու ժողովրդին նվիրվածությամբ: 1937 թ.-ին ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղարի պաշտոնում Ա. Օրդուխանյանը բռնադատվում է եւ մինչեւ 1955 թ. գտնվում աքսորավայրում: Աքսորավայրում նա ծանոթանում է հայրիկիսՙ Արիս Գրիգորի Հովսեփյանի հետ. որը նույնպես բռնադատված էր, եւ որի հետ բարեկամություն է անում մինչեւ կյանքի վերջը: Ա. Օրդուխանյանը հայրիկիցս երկու տարի շուտ է վերադառնում եւ դառնում մեր ընտանիքի լավագույն բարեկամը: Հայրս ազատվում է աքսորից 1956 թվականին: Օգտվելով իմ նկատմամբ Ա. Օրդուխանյանի ջերմ վերաբերմունքիցՙ ես հաճախ էի նրա հետ զրուցում երեսունական թվականների դեպքերի մասին: Այդպիսի զրույցներից մեկի ժամանակ ցանկացա իմանալ իր կարծիքը հայ մտավորականների, Հայաստանի առաջին հանրապետության բանակի սպայական անձնակազմի, հայ վրիժառուների նկատմամբ ԽՍՀՄ-ում կիրառված քաղաքական տեռորի վերաբերյալ: Ես բառացիորեն ներկայացնում եմ Ա. Օրդուխանյանի պատմածը Ջեմալ փաշային սպանող երիտասարդի դատավորության նյութերի վերաբերյալ:
Ջեմալ փաշայի սպանությունից հետո չի բացահայտվում կատարողների ինքնությունը: Գործողությունը կատարողների վերաբերյալ տեղյակ է լինում գրող Ակսել Բակունցը, որը մի զրույցի ժամանակ տեղյակ է պահում նաեւ Եղիշե Չարենցին: Վերջինս նեղ շրջանակներում ինչ-որ հանդիպման ժամանակ հպարտությամբ իր կարծիքն է հայտնում գործողությունը կատարող երիտասարդների վերաբերյալ: ՊԱԿ-ը ստանալով տեղեկությունը, ձերբակալում է երիտասարդին, որը ապրել է Ուջան գյուղում: Տեղի է ունենում դատավարություն, դատարանը որոշում է գնդակահարություն երիտասարդին, իսկ այդ ժամանակ ընդունված կարգի համաձայն դատարանի որոշումը գնդակահարության վերաբերյալ պետք է հաստատվեր ՀԿԿ կենտկոմի, ապա ԽՄԿԿ կենտկոմի կողմից:
ՀԿԿ կենտկոմը հաստատում է գնդակահարությունը եւ գործը ուղարկում Մոսկվա ԽՄԿԿ կենտկոմ` հաստատելու: Այդ ժամանակ ԽՄԿԿ կենտկոմում գնդակահարության հաստատման հանձնաժողովը ղեկավարել է Լ. Կագանովիչը, որը, ծանոթանալով գործին, զեկուցում է Ստալինին:
Ստալինը, ծանոթանալով դատավարության գործին, Մոսկվա է հրավիրում ՀԿԿ կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանին, որին ուղեկցում է Ա. Օրդուխանյանը: Ա. Հովհաննիսյանը ԽՄԿԿ կենտկոմում հանդիպումից հետո հյուրանոցում Ա. Օրդուխանյանին ասում է. «Աբե՛լ, մենք սխալ դուրս եկանք. Ստալինը մեր որոշման վրա մակագրել էր հետեւյալըՙ «Մարդասպանին սպանողը մարդասպան չէ»»:
Եվ երիտասարդին ազատում են, իսկ 1934-1937 թվականներին, երբ ամբողջ երկրով մեկ ուժեղանում է քաղաքական տեռորը, նորից ձերբակալում են երիտասարդին եւ նրա ընկերներին ու գնդակահարում:
Ըստ դատավարության նյութերիՙ Ջեմալ փաշայի սպանությունը կազմակերպվել եւ իրականացվել էր Շահան Նաթալիի կողմից ղեկավարվող «Նեմեսիս» գործողությամբ: Գործողության ղեկավարությանը հայտնի է լինում, որ 1925 թվականին Ջեմալ փաշան պետք է մեկնի Մոսկվաՙ բանակցություններ վարելու ԽՍՀՄ-ի ղեկավարության հետ: Հայտնի է դառնում նաեւ, որ նա պետք է մեկներ Օդեսա նավով, ապա Օդեսայից գնացքովՙ Մոսկվա: Որոշում է կայացվում, որ գործողությունը պետք է իրականացնել Օդեսայում, բայց պայման է դրվում, որ գործողության ընթացքում այլ զոհեր չպետք է լինեն, իսկ գործողության մասնակիցները չպետք է բացահայտվեն: Օդեսայում գործողությունը չի հաջողվում իրականացնել: Գործողության մասնակիցները նույն գնացքով Ջեմալի հետ ուղեւորվում են Մոսկվա: Մոսկվայում ԽՍՀՄ-ի ղեկավարների հետ բանակցությունները ավարտելուց հետո Ջեմալը որոշում է Թուրքիա վերադառնալ Թիֆլիսով, բայց մինչ այդ ԽՍՀՄ-ի ղեկավարները Ջեմալին հրավիրում են Մեծ թատրոնՙ ներկայացման: Գործողության մասնակիցները որոշում են այն իրականացնել մեծ թատրոնում, որը նույնպես չի կատարվումՙ ելնելով ոչ բարենպաստ պայմաններից: Իմանալով, որ Ջեմալը Թուրքիա պետք է վերադառնա Թիֆլիսով, որոշվում է գործողությունը իրականացնել Թիֆլիսում, որը եւ կատարվում է:
Ցանկանում եմ նշել, որ Հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն ծրագրող ոչ մի ոճրագործ դուրս չի մնացել «Նեմեսիս» գործողության հատուցման ցուցակից, եւ դժվար թե Ջեմալը այդ ցուցակից դուրս մնար: Շահան Նաթալին եւ նրա զինակիցները գործել են հայ ժողովրդի կամքի արտահայտության եւ պետականության դիրքերից, եւ նրանց գործունեությունը պետք է դիտել որպես հայ ժողովրդի պետության կողմից որոշման կատարում:

Հարգանքով`
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՊՀ-ի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան

No comments: