Wednesday, August 17, 2011

Իշխանությունը “հանձնում է” Ալիկին

«Լրագիր» 17-8-2011- Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ոստիկանության գործողությունները Երևանի կենտրոնում կրպակների ապամոնտաժման ժամանակ իրավաչափ չեն եղել, խորհրդանշական է ոստիկանապետի այն հայտարարությունների ֆոնին, որ Հայաստանում ոստիկանաորս է սկսվել:
Ըստ ամենայնի, ոստիկանաորս ասելով, Ալիկ Սարգսյանը նկատի ուներ ոչ թե հարաբերություններն ընդդիմության ու առհասարակ հասարակության հետ, այլ բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը:
Իշխանությունը չի աջակցել Ալիկ Սարգսյանին նաև ՀԱԿ ակտիվիստների հարցով: Ընդհակառակը, և Հանրային հեռուստաընկերությունը, և վարչակազմի վերահսկողության տակ գտնվող մյուս հեռուստաընկերությունները կադրեր են ցույց տվել, որոնք հաստատում են ոստիկանության մեղքը: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ լայն լսարանը տեսանյութ է դիտել, որտեղ ոստիկանության հասցեին ուղղակի մեղադրանքներ են հնչում:
Հանրապետության ղեկավարությունը հրապարակայնորեն չի պաշտպանել ոստիկանությանը, թերևս, դա տեղի չի ունեցել նաև անդրկուլիսային կարգով: Դատելով ամենից, Ալիկ Սարգսյանին «վերևից» խորհուրդ են տվել ինքնուրույն տակից դուրս գալ:
Օմբուդսմենի հայտարարությունները հաստատում են այս վարկածը: Դրանից հետո Ալիկ Սարգսյանը կամ պետք է պաշտպանություն փնտրի նախագահի վարչակազմից դուրս, կամ կոմպրոմատ հավաքի «ղեկավարության» վրա, ինչպես անում են շատ պաշտոնյաներ:
Կարծես Սարգսյանին չի ցանկացել պաշտպանել նաև նրա «հովանավորը»` խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանի վիճակը նույնպես պարզ չէ. հայտնի չէ, թե արդյոք նա կպահպանի պաշտոնը, բիզնեսը և ազդեցությունը:
Հայաստանի իսթեբլիշմենթի ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ոչ ոք վստահ չէ իր ապագայի հարցում և մտահոգված է միայն իր դիրքերի պաշտպանությամբ: Նման իրավիճակում, երբ նախկին գործընկերները ձեռք չեն մեկնում միմյանց, կարող է ճեղքվել ավանդական «խմբակային երաշխիքը», որը գործող համակարգի հիմքն է հանդիսանում:
Ալիկ Սարգսյանի հանդեպ վերաբերմունքը շատ բան կարող է բացահայտել, թե ինչ է կատարվում իշխանության ներսում: Կամ «վերեւները» չափազանց թուլացել է և չի հասցնում բոլոր անցքերը փակել, կամ էլ Ալիկ Սարգսյանին զոհաբերում են: Ամեն դեպքում, ոչ մի տեսանելի նշան չկա, որ Սարգսյանին կաջակցեն, չնայած որ հրաժարականի ցուցում էլ առայժմ չի եղել:
Նաիրա Հայրումյան

No comments: