Wednesday, August 17, 2011

Ադրբեջանը զգուշացում է ստացել ՄԱԿ-ից

Panorama.am. 17-8-2011- ՄԱԿ-ը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել` համաձայն միջազգային համաձայնագրերով ամրագրված հիմնարար սկզբունքների, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի, ինչպես նաև երկրում գործող մարդու իրավապաշտպանների անվտանգ գործունեության համար պայմաններ ապահովել: Այս մասին հաղորդում «Ազե.ազ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի տեղեկացմամբ` ՄԱԿ-ի լուրերի կենտրոնում տեղեկացրել են, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակն իր լուրջ անհանգստությունն է հայտնել օգոստոսի 11-ին Բաքվում Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի և երկու այլ հասարակական կազմակերպությունների գրասենյակների ավերման կապակցությամբ:
ՄԱԿ-ի գրասենյակի մամլո քարտուղար Ռոբերտ Քոլվիլն այդ կապակցությամբ հայտարարել է. «Հաշվի առնելով Բաքվում իրավապաշտպանների ստիպողական վտարման և գույքի ոչնչացման մասին անհանգստացնող հաղորդագրությունները` մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անցկացնել այս գործի մանրազնին հետաքննություն և անհրաժեշտության դեպքում տրամադրել համարժեք փոխհատուցում»:
ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանի իշխանություններին հիշեցրել է վերջիններիս ստանձնած միջազգային պարտավորությունների մասին` թույլ չտալ վտարել մարդկանց իրենց բնակարաններից և զրկել գույքի տնօրինման իրավունքից, ինչպես նաև ապահովել իրավապաշտպանների իրավունքները և ազատությունները:

No comments: