Monday, August 15, 2011

Այսօր հանգուցյալների հիշատակության օրն է. ոչ աշխատանքային երկուշաբթի

«Tert.am», 15.08.2011: Այսօր մեռելոց է՝ ըստ Հայ առաքելական եկեղեցու, հանգուցյալների հիշատակության օրը։ Այս խորհուրդն են կրում Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը, երբ, ըստ կարգի, հարազատները տոնի ավետիսն են տանում հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները և աղոթում նրանց հոգիների համար։
Պաշտոնապես տարվա այս հինգ օրերը՝ մեռելոցները, հայտարարված են ոչ աշխատանքային՝ տեղափոխվելով հաջորդ շաբաթ օրը։ Այս որոշումն ընդունվել է քրիստոնյաներին՝ առանց աշխատավայրում դժվարություններ ունենալու, իրենց հանգուցյալներին հիշատակի այց կատարելու հնարավորություն տալու համար։
Առաքելական եկեղեցու տաղավար տոնին հաջորդող օրը մեռելոց սահմանելը նպատակ ունի հիշեցնել, որ նախ պետք է շնորհավորել ապրողներին, բարի և կարեկից լինել ապրող հարազատների և օտարների հանդեպ, որից հետո՝ վառ պահել նաև հիշատակը հանգուցյալ բարեկամների։
Հիշեցնենք, որ երեկ սուրբ Աստվածածնի վերափոխման տոնն էր, օրվա խորհուրդը մարդկային հոգու և մարմնի էապես անմահությունը՝ Աստվածորդու նմանությամբ։ «Ես եմ որթատունկը և դուք ճյուղերը»,- ասում է Քրիստոսը. խաղողօրհնեքի արարողությամբ երեկ օրհնվեց երկրի պտուղը, և հնավանդ սովորությամբ այսօրվանից մեծ թափ է առնում բերքահավաքը։

No comments: