Monday, August 15, 2011

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Սերժ Թանկյանը

«Tert.am», 15.08.2011: Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
Նա շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումը և դրա հետևանքով մրցունակության բարձրացումը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է:
Նախագահը նշել է, որ Հայաստանը բնական քիչ պաշարներ ունի և պետք է նախ՝ շատ զգուշորեն և խնայողաբար վերաբերվել այդ պաշարներին և երկրորդ՝ կարողանալ մտավոր ծառայություններ մատուցել և՛ մեր հասարակությանը, և՛ տարածաշրջանին, և՛ աշխարհին, ինչն անհնար է առանց այսպիսի կենտրոնների գործունեության: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոգևորված է կենտրոնի բացմամբ և վստահություն է հայտնել, որ ծրագիրն ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ և նշանակություն Հայաստանի համար:
Սերժ Սարգսյանը նշել է, որ տեր և տիկին Սիմոնյանների աշխատանքը ոչ միայն շնորհակալության, այլ նաև խրախուսանքի է արժանի, որովհետև բացի իր կիրառական նշանակությունից այն նաև շատ լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են հաջողությունների հասնել իրենց ոլորտում և հիմա ժամանակն է, որ իրենց հաջողություններից մի փոքրիկ մասնիկ փորձեն կիսել հայրենիքի հետ:
Թումո կենտրոնում նախագահը հանդիպել է նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ:
Սերժ Սարգսյանը և Սերժ Թանկյանը խոսել են երգչի ստեղծագործական և հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Երգիչը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանում կկայանա System of a Down խմբի համերգը:
Հանրապետության ղեկավարը Սերժ Թանկյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ և շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված համերգին:

No comments: