Tuesday, August 2, 2011

Ադրբեջանցի քաղաքագետ. Սահակաշվիլի վարած քաղաքականությունը կարելի է անվանել հոգեպես անհավասարակշիռ

Panorama.am. 2-8-2011- «Վերջին շրջանում Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունում փոփոխություններ են նկատվում։ Նրա քաղաքականությունը կարելի է անվանել հոգեպես անհավասարակշիռ»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: Հաղորդում է SalamNews-ը:
«Չեմ կարծում, որ Սահակաշվիլին իրականում վստահ է այն բանում, որ Ադրբեջանի թշնամին համարվում է նաև Վրաստանի թշնամին։ Այո, ավելի վաղ ադրբեջանա–վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, սակայն այսօր կարելի է ասել, որ Վրաստանի համար թիվ մեկ դաշնակիցը Հայաստանն է»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը:
Նշենք, որ Վրասատանի նախագահ` Սահակաշվիլին` «The Business Year» - «The Business Year - Azerbaijan 2011»` ամսագրին տված հարցազրույցում` նվիրված Ադրբեջանի անկախության 20 ամյակին, հայտարարել է. «Մեր երկու երկրները լուրջ խնդիրներ ունեն կապված չլուծված հակամարտությունների հետ և դրանք զուտ խոսքեր չեն, այլ իրականություն»:
Վրաստանում հայկական եկեղեցիներին իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ընդունված օրենքի կապակցությամբ ադրբեջանցի քաղաքագետը նշել է. «Սահակաշվիլին նախաձեռնեց Վրաստանում կրոնական համայնքներին իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու մասին օրենքի ընդունումն ու հաստատումը։ Սակայն դա միանշանակ չընդունվեց Վրաստանում, քանի որ բխում է հայկական եկեղեցու շահերից և որոշակիորեն հակասում վրացական շահերին։ Բացի այդ, վրացիները շուտ մոռացան Հայաստանի՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի վերաբերյալ բանաձևին «դեմ» քվեարկելու հանգամանքը։ Այն ժամանակ ոչ Վրաստանի նախագահը, ոչ էլ արտգործնախարարը դժգոհություն չհայտնեցին Հայաստանին»։
«Օրերս Սահակաշվիլին հրահանգել է Իրան էլեկտրաէներգիա արտահանելու համար որպես տարանցման ուղի օգտագործել Հայաստանի տարածքը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով: Էլեկտրաէներգիայի տարանցումից Հայաստանը մեծ շահույթ է ստանում։ Իսկ Ադրբեջանը շարունակում է Վրաստանին գազ վաճառել շուկայականից ցածր գնով», - նշել է ադրբեջանցի քաղաքագետը:
«Այդ իսկ պատճառով Հայասաատնի և Ադրբեջանի վերաբերյալ Վրաստանի նախագահի խոսքերի և գործողությունների միջև գոյություն ունեն խիստ հակասություններ:Կցանկանայի, որ Վրաստանի նախագահն անցկացներ ավելի համբերատար և հոգեբանական հավասարակշռված քաղաքականություն, որը Սահակաշվիլին, ցավոք սրտի, ներկա պահին չի անում», -նշել է Մուբարիզ Ահմեդօղլուն:

No comments: