Friday, August 19, 2011

Քաղաքական գործիչ. «Մադրիդյան սկզբունքները» նոր պատերազմի սկիզբ են

News.am. 18-8-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նախատեսված «Մադրիդյան սկզբունքները» հակահայկական փաստաթուղթ են հանդիսանում, որի ընդունումն Հայաստանի կողմից անխուսափելիորեն կհանգեցնի նոր պատերազմի: Այդ մասին օգոստոսի 18-ին կայացած ասուլիսում հայտնել է «Հնչակյան» կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը:
Միաժամանակ Շիրխանյանը նշել է, որ այդ առումով ՀԱԿ-ի եւ կոալիցիայի դիրքորոշումները փաստացիորեն համընկնում են: «Թե իշխանություններն եւ թե ընդդիմությունը` հանձինս Հայ ազգային կոնգրեսի, արտահայտել է իր համաձայնությունը «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ: ՀԱԿ-ը դրանցում փոքր շտկումներ է մտցնում, բայց դրանք չնչին են: Ոչ ոք պատրաստ չէ գնալ այլ ճանապարհով եւ հրաժարվել այդ արատավոր փաստաթղթից»,- շեշտել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանն ամեն կերպ խուսափում վերջնական համաձայնություն տալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին, Շիրխանյանը նշել է, որ դրա պատճառը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: «Նրանք ուզում են ամեն ինչ եւ միանգամից, իսկ «Մադրիդյան սկզբունքները» նախատեսում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս»,- ասել է նա:

No comments: