Monday, August 15, 2011

Պաղեստինը դիմել է ՄԱԿ

«Lragir.am», 15.08.2011: Պաղեստինի իշխանությունը, ինչպես տեղեկացնում է BBC-ն, հայտարարել է, որ պատրասվում է դիմել ՄԱԿ-ին ճանաչելու Պաղեստինի անկախությունը 1967թ սահմաններով, եթե մինչև սեպտեմբեր ամիս առաջընթաց չգրանցվի Պաղեստին-Իսրայել բանակցություններում: Նշվում է, որ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին դիմելու է սեպտեմբերի 20-ին:
Տեղեկացնենք, որ դեռևս 1947 թ նոյեմբերի 29-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել Պաղեստին ու Իսրայել պետությունների ստեղծման մասին: Սակայն Պաղեստինը և արաբական պետությունները, համաձայն չլինելով այս որոշմանը, պատերազմ են սկսում Իսրայելի դեմ և պարտություն կրում, ինչի արդյունքում, Պաղեստինը զրկվում է իր տարածքներից: Դրանք անցնում են Իսրայելին, Եգիպտոսին և Հորդանանին:
1967 թ հունիսին 6-օրյա արաբ-իսրայելական պատերազմում արաբական երկրները կրկին պարտություն են կրում, ինչի արդյունքում պաղեստինցիներով բնակեցված Գազայի հատվածը, Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը գրավվում են Իսրայելի կողմից: Գազայի հատվածը, Արևելյան Երուսաղեմը և Արևմտյան Ափն են այն տարածքները, որտեղ Պաղեստինյան ինքնավարությունը պատրաստվում է միակողմանի անկախություն հռչակել, եթե բանակցություններն առաջընթաց չարձանագրեն:
Պաղեստինը պատրաստվում է խնդրել ՄԱԿ անդամ պետություններին ճանաչել իր անկախությունը, ինչպես նաև ՄԱԿ-ում լիարժեք անդամի կարգավիճակ ստանալ:
Ըստ ՄԱԿ կանոնադրության, Պաղեստինի անկախությունը ճանաչելու համար ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է Գլխավոր Ասամբլեային առաջարկի քվեարկություն անցկացնել: Այնուհետև ՄԱԿ անդամ 192 պետություններից 2/3-ը կամ 128-ը պետք է կողմ քվեարկեն, որպեսզի հաստատվի Պաղեստինի պահանջը:
Ներկայում 122 պետություններ պատրաստակամություն են հայտնել քվեարկել Պաղեստինի անկախության օգտին: ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից Չինաստանը և Ռուսաստանը այս պահի դրությամբ կողմ են քվեարկելու, իսկ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեմ են միակողմանի ճանաչմանը: ԱԽ ոչ մշտական 10 անդամներից 7-ը կողմ են, իսկ 3-ը` դեմ:
Հիշեցնենք նաև, որ այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Պաղեստինը պետք է ճանաչվի մինչև 1967 թ սահմաններով: Սակայն, ԱՄՆ դեմ է միակողմանի ճանաչմանը և գտնում է, որ դա պետք տեղի ունենա Իսրայել-Պաղեստին բանակցությունների արդյունքում:
Այս տարի մեկ տասնյակից ավել պետություններ ճանաչել են Պաղեստինի անկախությունը, այդ թվում Բրազիլիան, Արգենտինան, Վենեսուելան և այլն:

No comments: