Thursday, August 4, 2011

Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղ գործընթաց այլևս գոյություն չունի. թուրք փորձագետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, անկասկած, ազդեցություն է ունենալու հայ–թուրքական խաղաղ գործընթացի վրա, եթե այն դեռևս գոյություն ունի։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական հետազոտությունների բաժնի ղեկավար, թուրք պաշտոնաթող դիվանագետ Օմեր Լյութեմը։
Ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը նույնպես չի հավատում խաղաղ գործընթացի շարունակությանը, թուրք փորձագետն ասել է, թե Սարգսյանն արդեն 1 տարի է, ինչ հանդես է գալիս կոշտ հայտարարություններով, փորձում մեղադրել Թուրքիային Արձանագրությունների տառին և ոգուն հավատարիմ չմնալու մեջ, պահանջում է առանց նախապայմանների վավերացնել Արձանագրությունները և ասում, թե այդ փաստաթղթերը որևէ առնչություն չունեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ։
«Ես վստահ չեմ, որ հայ–թուրքական խաղաղ գործընթացը դեռևս գոյություն ունի։ Կարող ենք ասել, որ Սարգսյանը նույնպես ոչինչ չի ակնկալում խաղաղ գործընթացից, քանի որ գիտե՝ Թուրքիայի դիրքորոշումը երբեք չի փոխվելու։ Բանը հասավ նրան, որ Հայաստանի նախագահը հայտարարեց՝ «Ղարաբաղը մենք վերցրինք, իսկ ապագա սերունդներին թողնում ենք Աղրը Դաղըն (Արարատ լեռ,– Тert.am)»։ Ինչո՞ւ է Սարգսյանը նման բան անում։ Այդ հայտարարությունը ներքին լսարանի համար է, քանի որ հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են լինելու»,– ասել է թուրք պաշտոնաթող դիվանագետը։
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցած ամիս Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունն իսկական իրարանցում էր առաջացրել Թուրքիայում:
Այդ հանդիպման մասին հրապարակումներից անմիջապես հետո թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն սկսեցին լուրեր ատարածել, թե Հայաստանի նախագահն, իբր, բառացիորեն ասել է` «Ղարաբաղը մենք վերցրինք, Արարատ լեռն էլ թողնում ենք ձեզ»:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

No comments: