Thursday, August 4, 2011

Ադրբեջանցի քաղաքագետն իշխանափոխություն է կանխատեսում Հայաստանում

Tert.am. 3-8-2011- Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն։ Այս մասին Trend–ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում իշխանափոխությունը տեղի է ունենալու ոչ թե հեղափոխության ճանապարհով, ինչպես դա եղավ արաբական երկրներում, այլ՝ ըստ պայմանավորվածության։
«Երևում է՝ Հայաստանի նախկին նախագահ, ներկայիս ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը մտադիր է որոշակի համաձայնության գալ Սերժ Սարգսյանի հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ համաձայնության շրջանակում կամ կձևավորվի կոալիցիոն կառավարություն, կամ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Եթե անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, դաշնակցականներն ու «Ժառանգություն» կուսակցությունը խաղից դուրս են մնալու, իսկ խորհրդարանում մեծ խմբակցություն կարող են կազմել Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցները։ Դա առավել հավանական տարբերակ է»,– ասել է Մուսաբեկովը՝ ընդգծելով, որ չի բացառվում՝ Հայաստանում փոխվի կառավարության ողջ կազմը։
«Հայաստանի այսօրվա վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, այնքան էլ մեծ հեղինակություն չի վայելում երկրում։ Այդ մարդու կարիքը, որը ժամանակին ծածկել է հանցավոր իշխանության գործերը, այժմ չի զգացվում»,– ասել է ադրբեջանցի քաղաքագետը։

No comments: