Thursday, August 4, 2011

Մեր պետության միակ մեծ ռեսուրսը

Մեր զրուցակիցն է հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը
-Հրանտ, մեր նախորդ զրույցում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը ինչ-որ առումով պայմանավորում էինք նաև Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներով, Մեդվեդև- Պուտին հարաբերությունների սրացումով, այստեղ էլ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերություններով: Մեզանում այսօր իրավիճակը կարծես այս առումով փոխվել է: Հիմա երկխոսության այս փուլում Ռուսաստանից առաջ անցա՞նք:
-Միշտ էլ, նույնիսկ վատագույն տարիներին, քաղաքական համակարգի առումով Ռուսաստանից մի քիչ առաջ ենք եղել, որովհետեւ մեզ մոտ թեկուզ ձեւական պահպանվում էին համակարգի բազմակենտրոնության տարրեր, օրինակ, իշխանական կոալիցիա իշխանական մեկ կուսակցության փոխարեն: Էլ չասած, որ մեզանում գրեթե երբեք չի դադարել զանգվածային հրապարակային ակտիվությունը: Մեր վարչակարգը երբեք չկարողացավ հասնել «կայունության» եւ «կենտրոնացման» այն մակարդակին, որը պուտինյան Ռուսաստանում հաստատվեց: Պատճառն այն էր, որ մեր անկախ պետության հիմքում ընկած էր իրապես ժողովրդավարական զանգվածային հրապարակային շարժում: Այսինքն՝ մեզ համար ժողովրդավարությունը ոչ այնքան ներմուծված արհեստական վերացականությունն էր, այլ մեր իսկ սեփական քաղաքական փորձի մի մաս, ինչ-որ տեղ ընդօծին երեւույթ: Սա է մեծ հաշվով մեր պետության միակ մեծ ռեսուրսը, առաջընթացի շանսի միակ աղբյուրը: Եթե չլիներ այդ փորձը, կարող էինք լինել Թաջիկսթանի կամ հենց նույն Ռուսաստանի պես անհույս սովետական գեղ, որը նույնիսկ, եթե տնտեսական ինչ-ինչ ցուցանիշների էլ հասնի կամ հասնում է, միեւնույն է, դատապարտված է շատ լուրջ ճգնաժամի եւ վերակառուցումների ապագայում:

Իհարկե 2007-ի դրությամբ, մեզ մոտ 88-ի ժառանգությունը վերածվել էր կամ թվում էր ինչ -որ վերապրուկ, հուշ, իսկ բովանդակային առումով մե՛նք էինք, եւ այսօր էլ դեռ ե՛նք հետսովետական ճահճի, հավերժ ձգվող «անցումային» փուլի հարազատ մասնիկ, կայսրության ծայրագավառ: Բայց 2007-2008-ից տեսանք, որ անմիջական ժողովրդավարության այն ներուժը, որից ծնվեց թե՛ մեր անկախությունը, թե՛ մեր ռազմական հաղթանակը, ոչ միայն սպառված չէր իրականում, այլեւ նոր ալիք կարողացավ բարձրացնել: 2008-ից սկսած պայքարը հանուն անկախության պայքարի նոր փուլ եմ համարում: Այդ փուլի խնդիրները պետք է լուծի «2008-ի սերունդը»՝ նրանք, ովքեր քաղաքական եւ քաղաքացիական մկրտություն ստացան Ազատության հրապարակում, եւ նրանք, ովքեր այս կամ այն կերպ օբյեկտիվորեն ազդվեցին այդ ալիքից: Երկրում մթնոլորտ փոխվեց, եւ այն ազդեց ոչ միայն նրանց վրա, ովքեր անմիջապես ներգրավված էին նոր շարժման մեջ, այլ ավելի լայն շրջանակների վրա: Այսօր, հետադարձ հայացք ձգելով անցած տարիներին, կարող ենք փաստել, որ 2008-ին տեղի ունեցածը սովորական նախընտրական բողոքի ալիք չէր, սովորական ընդվզում չէր, այլ ավելի լայն ընգրկմամբ մի շարժում, որը կոչված է Հայաստանը դուրս բերել զարգացման ուղի, իսկ դա նշանակում է դուրս բերել Հայաստանը հետսովետական տարածքի «անցումային շրջանից»: Ու եթե մի կողմից անալոգիաները Ռուսաստանի հետ ճիշտ են, բայց դա խնդրի միայն մի կողմն է: Երկրորդ կողմն այն է, որ ունենք ինտիտուտի վերածված հասարակական-քաղաքական ներուժ, որը արմատապես տարբերում է մեզ հետսովետական տարածքի այլ երկներից, նախ եւ առաջ՝ Ռուսաստանից: Ապագան մի օրվա մեջ չի գալիս: Այն ձեւավորվում է այստեղ ու այսօր՝ պայքարի, աշխատանքի, ստեղծագործության մեջ եւ միջոցով: Ապագան ձեւակերպվում է շնորհիվ այն գործողությունների, որոնք այսօր մենք անում ենք, եւ այն խոսքերի մեջ, որոնք խոսում ենք: Դրա համար պետք է պատասխանատու լինել գործի, այլեւ խոսքի մեջ՝ հասկանալով, որ յուրաքանչյուր հրապարակային խոսք, ձեւակերպում, գնահատական իրականություն ձեւավորող է, ապագան մոտեցնող կամ հեռացնող է, ժամանակի հոսքը արագացնող կամ դանդաղեցնող է:

-Ուզում եք ասել` այսօր մեզանում որոշվում է Հայաստանի անկախության և զարգացման հետագա շա՞նսը:
-Այո՛: Անկախությունը գործընթաց է, ոչ թե մեկ րոպեանոց գործողություն: Այդ գործընթացը կարող ենք համարել մի քանի փուլերից բաղկացած: Նախնական փուլն անցել ենք՝ հանուն իրավական անկախության պայքարը 80-ականներին եւ իրավական անկախության հռչակումը, որին գումարվեց նաեւ ռազմական հաղթանակը: Երկրորդ փուլի խնդիրն այսօր ենք լուծում: Անկախությունը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ Հայաստանի իրականությունը հակասության մեջ է Սահմանադրական կարգի հետ, հանրապետության սկզբունքների հետ: Սրանք լոկ խոսքեր չեն: Անկախության եւ սահմանադրական կարգի միջեւ առկա են խորքային կապեր: Անկախությունը հռչակել ենք ինքնորոշման, այսինքն՝ ազատ ընտրության սկզբունքի հիման վրա՝ հանրաքվեի միջոցով եւ ժողովրդավարական զանգվածային շարժման շնորհիվ: Եթե հետագայում անընդհատ խախտել ենք ազատ ընտրության, կամարտահայտության միջոցով պետական ապարատ ձեւավորելու սկզբունքը, ինչպես նաեւ մերժել ենք մեր պետության հիմքում ընկած զանգվածային հրապարակային դրսեւորումները՝ ժխտել ենք մեր անկախության հիմքերը: Այն գաղափարը, թե զանգվածային ընդդիմադիր շարժումները օտարերկրյա դավադրության արդյունք են, մեզ մոտ ներմուծվեց Ռուսաստանից: Բայց ընդունելով դավադրության այդ տեսությունը՝ ստվեր ենք գցում նաեւ 88-ի մեր շարժման, հետեւաբար մեր անկախության եւ մեր հաղթանակի վրա, որովհետեւ այն ժամանակ էլ ռուսները դա բացատրում էին որպես ԿՀՎ-ի կողմից կազմակերպած գործողություն, դավադրություն: Առաջին հայացքից զուտ տեսական թվացող այդ սխալը բերում է ակնհայտ գործնական հետեւանքների՝ հասարակության կամքին հակառակ ձեւավորված վարչակարգը ստիպված է առավելագույնս ապավինել արտաքին աջակցությանը`երկիրը ներգծելով նոր գաղութական համակարգի մեջ: Եվ բոլոր խնդիրների ակունքներն այդտեղ են: Օրինակ, մեր այսօրվա տնտեսական կառուցվածքը՝ հումք արտահանող երկիր կամ բնապահպանական լուրջ խնդիրները՝ բնական հարստությունների անխնա շահագործումը օտարերկրյա կամպանիաների միջոցով եւ օրենքի բազմաթիվ խախտումներով, կամ օտարալեզու դպրոցների խնդիրը եւ այլն... բոլորը կարող են բացատրվել որպես նորգաղութական վիճակի մաս: Բացի այդ, պետք է վերջապես գիտակցենք, որ անկախ պետություն ունեցող ազգ լինել նշանակում է սահմանադրության, օրինականության, իրավահավասարության, քաղաքացիականության շուրջ ձեւավորվող ազգ լինել, որ գերագույն ազգային արժեքը՝ Սահմանադրությունն է, իսկ դրանից դուրս կա միայն էթնիկ խումբ, ցեղ, որը դատապարտված է գաղութային կամ նորգաղութային կառավարման, եւ որի մշակույթը սոսկ հուշ է անցյալի մասին, թանգարան, բայց երբեք ոչ կենդանի գործընթաց՝ այսօր ու այստեղ ստեղծվող արժեքներ: Բնական է, որ այդպիսի «ազգին», իրականում ցեղախմբին, պետք չի ո՛չ կրթություն սեփական լեզվով, ո՛չ կենդանի կյանքով ապրող եկեղեցի, ո՛չ արտադրող տնտեսություն: Ընդհանրապես, եթե ուշադիր լինենք, ցանկացած բովանդակություն մեզանում վերածվում է ձեւի: Հայ գրականություն ոչ ոք չի կարդում ու չի վերաիմաստավորում այսօրվա տեսակետից, բայց բոլորը երդվում են «մեծերի անունով», կրոնը ոչ մի կապ չունի առօրյայի, կենսակերպի հետ, միայն ծես է, այն էլ՝ կրճատված ու չհասկացված, բայց ցանկացած քննադատությանն ի պատասխան լսում ենք՝ մի ձեռ տվեք եկեղեցուն, աղանդները կուրախանան: Աղանդները ուրախանում են մեր Եկեղեցու այսօրվա վիճակից, ոչ թե քննադատությունից, որի արդյունքում մեր եկեղեցին կարող է միայն ուժեղանալ: Այսօրվա փիլիսոփայությունն այդ է՝ մի՛ ձեռ տվեք, ոչնչի մի՛ ձեռ տվեք, թող մնա ոնց կա, ցանկացած փոփոխություն, կարծրացած պատկերացումների ցանկացած ստորակետի քննարկումը ընկալվում է որպես վտանգ «ազգայինի» համար: Ի՞նչ ասեմ, նույնիսկ հարսանիքը մեզանում կենդանի քեֆ-ուրախության փոխարեն վերածված է պլենումի նման ռեգլամենտացված մի բանի, որի ամեն շարժում հաշվարկված է նկարահանվելու եւ թվալու, այլ ոչ թե իրապես ապրելու համար:

Ինչ վերաբերում է զարգացմանը, ապա իմ կարծիքով որպես աքսիոմ պետք է ընդունենք հետեւյալը. Հայաստանի առաջընթացն ու զարգացումը հնարավոր է միայն հետսովետական տարածքի` ռուսական ազդեցությունից պոկվելու միջոցով: Պարզապես նայեք եւ տեսեք, ո՛ր երկրներն են հետսովետական տարածքում զարգացում ապրում: Ասվածը բացարձակ չի նշանակում առճակատում Ռուսաստանի հետ կամ կապերի խզում: Բնականաբար այդպիսի հիմարություն ոչ ոք Հայաստանում չի կարող առաջարկել: Կարելի է հոյակապ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, նույնիսկ ավելի լավ, քան այսօր, բայց դուրս պրծնել հասարակական, քաղաքական, մշակութային այն զարգացումների կոնտեքստից, որոնք կապված են սովետական ժառանգության եւ այսօրվա ռուսական ազդեցությամբ: Դրանք փակուղային են, եւ ուշ թե շուտ ճգնաժամ են առաջացնելու նույն Ռուսաստանում՝ անձի կամ խմբի կողմից ուզուրպացված իշխանություն, օրինականության գրեթե իսպառ բացակայություն, խոշոր բիզնեսի եւ պետության սերտաճում, մշակութային կեղծ պահպանողականություն: Մեր զարգացման միակ գրավականն այս առումով անկախությունն է, իսկ դեպի անկախություն ճանապարհին վճռորոշ է ազատ եւ արդար ընտրությունների՝ Սահմանադրական կարգի հիմնական մեխանիզմի գործարկումը: Այս է պատճառը, որ այսօր ՀԱԿ-ն եմ համարում Հայաստանի անկախության եւ զարգացման քաղաքական գրավականը: Իսկ ավելի լայն իմաստով՝ քաղաքական դիրքորոշումներից անկախ, իմ համախոհներն եմ համարում բոլորին, ովքեր Հայաստանի ուղին տեսնում են մեր երկիրը սովետական եւ հետսովետական կոնտեքստից տարանջատելու գործընթացի մեջ՝ հասարակական, մշակութային նույնիսկ կենցաղային ոլորտներում:

Այսօրվա բանակցությունները ՀԱԿ եւ իշխանական կոալիցիայի միջեւ, եթե դրանք հաջողեն կարեւոր մեխանիզմ կարող են լինել քաղաքական կտրվածքով նշված գերխնդիրը լուծելու առումով: Մեծ հաշվով այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում, աննախադեպ է ոչ միայն մեր անկախության այս 20 տարիների, այլ ընդհանրապես հետսովետական տարածքի համար: Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները հետսովետական տարածքում (չհաշված մերձբալթյան պետությունները) միշտ լուծվել են ուժային տարբերակով: Եթե կարողանանք հասնել բանակցությունների միջոցով արտահերթ ընտրությունների, ապա չի բացառվում, որ լուրջ առաջընթաց կունենանք:

-Հաջողությունը արտահերթ ընտրությունների՞ մեջ եք տեսնում:
-Այո, այս պահին դա է ընդդիմության կողմից որպես նպատակ հռչակվել: Սակայն հարցը միայն այն չէ, որ ընդդիմության կողմից սա է որպես նպատակ հռչակվել: Սա օրինական ճանապարհով երկրում իրավիճակ փոխելու տարբերակն է: Եթե դրա շուրջ հնարավոր լինի պայմանավորվել, և հասարակության ճնշման տակ հնարավոր լինի արդար ընտրություններ անցկացնել, այդ դեպքում մեզ սա հետսովետական տարածքի քաղաքական զարգացումների տրամաբանությունից դուրս է բերում: Մեկ օրվա մեջ հսկայական որակական թռիչք կարող է ապահովվել: Այսինքն` մեր ամբողջ 20 տարվա պատմությունը մեծ հաշվով հետսովետական տարածքի հետ կապված պատմություն է, որը այդ օրինաչափություններին է ենթարկվում, որտեղ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները ուժային են, և որ այդ օրինաչափոությունների մեջ իշխանություն փոխելու հնարավորություն խաղաղ եղանական ընդհանրապես հնարավոր չէ: Եթե կարողանանք Հայաստանում այսօր դա իրականացնել, սա շատ մեծ ճեղքում կլինի մեզ համար և նույնիսկ գուցե օրինակ դառնա այլ երկրների համար: Այս պահին, իհարկե, պետք չէ չափից ավելի ոգեշնչվել, բայց իրավիճակն իրոք հուսադրող է: Իսկ եթե այսօրվա գործընթացները ձախողեն...Ապա մեր զինանոցում մնում են խաղաղ եւ օրինական, բայց շատ ավելի կտրուկ պայքարի միջոցները, եւ փառք Աստծո, այս երեք տարիների մեջ մեր հասարակությունը իսկ քաղաքական ուժերից՝ ՀԱԿ-ը ապացուցել է, որ տիրապետում է նաեւ այս մեթոդաբանությանը, եւ ունենք բավականաչափ արիություն եւ վճռականություն:

-Երեք խաղացողներից թաքնվածին`Ռոբերտ Քոչարյանին նկատի ունեք, որտե՞ղ եք նրա թաքնված գործունեությունը նկատում: Եվ հնարավոր չէ՞ այդ երկու ուժերն ընդդեմ այդ թաքնվածի գործեն:
-Եթե օգտվենք Յունգյան հոգեբանության եզրաբանությունից, ապա Քոչարյանը մեր ստվերն է՝ անձի մութ, ստվերոտ կողմերը իր մեջ կենտրոնացած մասը՝ գիտակցության եւ ենթագիտակցության սահմանին: Պատահական չէ, որ երբ խոսում ենք նրա մասին, ապա նկատի ենք առնում նրան որպես ոչ թե բաց ու հրապարակային գործող, այլ թաքնված, չերեւացող, նաեւ՝ ինտրիգային դաշտում գործող գործոն, որն անհագստություն է պատճառում, եւ որի մասին անընդատ շրջում է բանավոր, անանուն աղբյուրներից եկող տեղեկատվություն, բայց հստակություն, կարծես, չկա: Իհարկե ժամանակին նա գործում էր հրապարակային`որպես երկրի ուզուրպատոր-նախագահ: Բայց այդ շրջանն էլ կարող ենք մեկնաբանել որպես «ստվերային»: Որքան էլ քննադատենք Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը, այնուամենայնիվ, այն արդյունք էր ազգային եւ քաղաքացիական մեծ վերելքի, հրապարակային պայքարի հանուն անկախության եւ Արցախի հայերի ինքնորոշման: Նույնիսկ ընդդիմության մոտ այն տարիներին հավատ կար մեր ազգային-հասարակական ներուժին, մեր ազգային ինքնագնահատականը դրական էր: Համարվում էր, որ չնայած ունենք վատ իշխանություն, սակայն որպես ազգ եւ որպես հասարակություն` արժանի ենք ավելի լավ ներկայի ու ապագայի: Քոչարյանի կառավարման շրջանում էր, որ ազգային եւ հասարակական ինքնագնահատականը սկսվեց փոխվել դեպի բացասականը, եւ մոդայիկ դարձավ այն, որ ինքներս մեզ վերագրում ենք բացասական գծեր, մարդկության գրեթե բոլոր մեղքերը: Սա չեմ ասում որպես զուտ բացասական գնահատականի արժանի գործընթաց, ինչ- որ առումով սա անհրաժեշտ փուլ էր, գուցե սթափեցման փուլ, որովհետեւ նախորդ չափից ավելի ինքնաոգեշնչված ինքնագնահատականն իրականում համարժեք չէր: Քոչարյանի կառավարման շրջանում սկսեցինք ճանաչել ու գիտակցել նաեւ մեր ստվերոտ կողմը: Այդ կողմը միշտ էլ կար, բայց, կարծես չնկատելու էինք տալիս: Եվ Քոչարյանն այդ առումով ընդամենը պատմության գործիք էր, որի միջոցով, կարծես, պատմական նախախնամությունը կարեւոր դասեր տվեց մեզ: Ցանկացած, նույնիսկ շատ բացասական փորձից կարող ենք օգտակար եզրակացություններ հանենք: Քոչարյանական շրջանի իմաստավորումը մեզ պետք է օգնի ազատվելու բազմաթիվ կարծրացած պատկերացումներից, սնափառության դրսեւորումներից, որովհետեւ Քոչարյանը Լուսնից չիջավ՝ նա մեր հասարակության ծնունդն էր, եւ պետք չի այդ առումով շեշտել նրա արցախյան ծագումը: Ի վերջո նա հենց Հայաստանում կայացավ որպես առաջին պլանի գործիչ, կարողացավ հենց Հայաստանում 10 տարի պահել իշխանությունը, հետեւաբար նա համապատասխանում էր հայաստանյան իսկ հասարակության որոշ կողմին, նույնիսկ պահանջմունքին: Այլ բան է, որ բացասական ինքնագնահատականը չի կարող նորմա լինել, դա անհրաժեշտ սթափեցման փուլ է, որի դասերը պետք է սերտել, բայց որը նույնպես պետք է հաղթահարվի հանուն նո՛ր ինքնավստահության, նո՛ր լավատեսության, նո՛ր ոգեշնչման, որն, իհարկե, արդեն ազատ կլինի նախկին ինքնավստահության չափից ավելի անհամարժեք, «ոգելից» տարրերից: Լավ տրամադրություն ունենալու համար հարբած լինելը պարտադիր չէ, սթափ ոգեւորությունն ավելի իրական է եւ հասուն:

Ինչ վերաբերում է Քոչարյանի գործոնի գնահատականին ավելի կոնկրետ քաղաքական կոնտեքստում, ապա, կարծում եմ, այս պահին, առավել ճիշտ կձեւակերպենք, եթե ասենք, որ նրան թվում է, որ նա ինչ -որ բանի կարող է հասնել, եւ այդ թվացյալի վրա նա ինչ-որ հաշվարկներ է կատարում, ինչ -որ քայլեր ձեռնարկում, բայց դրանք այլեւս համարժեք չեն ժամանակի պահանջներին, հետեւաբար, մեծ հավանակությամբ դատապարտված են ձախողման: Նրա գործոնը պետք է հաշվի առնել, ուսումնասիրել, վերլուծել, բայց ոչ երբեք ուռճացնել: Ստվերը, իհարկե, անտեսելի չէ, սակայն նաեւ միշտ պետք է հիշել, որ նա իրական էակ չէ:

Ինչ վերաբերվում է հարցի երկրորդ մասին՝ արդյոք կարող են երկուսը միավորվել մեկի դեմ: Կարծում եմ, կարող ենք ասել, որ Հայաստանում լիարժեք երեք գործոն չկա: Զուտ նյութական առումով, Սերժ Սարգսյանը, իհարկե, գործոն է, բայց նա զուրկ է, եթե այս պահին շատ պայմանական եւ կոպիտ ձեւակերպեմ՝ ոչ նյութական կամ էներգետիկ բեւեռացում, կենտրոնացում գեներացնելու կարողությունից: Պայմանական ասած, նա «քոչարյան է», որը փորձում է որոշ «լեւոնական» «շարժումներ» անել: Քոչարյանը, որին նոր բնութագրեցի որպես ստվեր, այսինքն՝ անիրական, պատրանքային «էակ» միաժամանակ որաշակի խորհրդանիշ կարող է լինել մեր հասարակության տարբեր խմբերի համար: Լայն զանգվածները նրա նկատմամբ կամ անտարբեր են, կամ ատում են, բայց ահա մտավորականության մի փոքր խմբի համար նա կարող է խորհդանիշ լինել՝ կեղծ ազգայնականների, սովետական ռեւանշիստների, վերագունավորված հակաանկախականների, հակասահմանադրականների (նկատի ունեմ նրանց, ում համար ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հանրապետական ժողովրդավարական կարգն արժեք չէ) համար: Այդ առումով Քոչարյանն ավելի ուժեղ ձգողական կենտրոն կարող է լինել, քան Սերժը, որը չի կարողանում հստակ ու ընկալելի բեւեռացում առաջացնել: Ըստ էության` դա հնարավոր էլ չի, որովետեւ առարկայական քաղաքական երկընտրանքը Հայաստանի անկախացման կամ գաղութացման միջեւ է, երրորդ տարբերակ չկա: Այդ իմաստով Սերժ Սարգսյանը պատմականորեն, թերեւս, ժամանակավոր ու անցումային ֆիգուր է: Իհարկե, սրանք արդեն ավելի ենթադրություններ են, իսկ մնացածը դեպքերի հետագա ընթացքը ցույց կտա:

-Շատերը ասում են, որ պատկերացումից դուրս է երկխոսել մի ուժի հետ, որին երեք-չորս տարի շարունակ անվանել ես թաթար-մոնղոլ, ավազակապետ, այսինքն` ինչպե՞ս շախմատ խաղալ մեկի հետ, ով չգիտի շախմատի կանոնները:
-Գիտեք ինչ, Հայաստանում իրոք շատ են ու շատանում են այն «շատերը», որոնք, համացանցային լեզվով ասած, պարզապես սպամ՝ փաստաղբ են արտադրում քաղաքական մեկնաբանության, վերլուծության, գնահատականի փոխարեն: Ի՞նչ է սպամը: Սպամին չես կարող պատասխանել կամ նրա հեղինակին ինչ -որ բան բացատրես: Սպամ արտադրողը չի մտածում իր ուղերձի տրամաբանության կամ հավաստիության մասին: Նա համառորեն ուղարկում է միեւնույն բովանդակությամբ ուղերձները՝ անտեսելով հերքումները: Միակ ելքը այդ կարգի ուղերձների ջնջումն է կամ նրանց համար առանձին «թղթապանակ» ստեղծելն է, այլապես սպամը կսպանի ձեր փոստը կամ ձեր էջը: Հիմա ձեր նշած «շատերի» տվյալ կարծիքը, ըստ էության ոչ այլ ինչ է, քան յուրահատուկ քաղաքական սպամի հերթական դրսեւորում, որը փաթեթավորված է «սա էլ իմ կարծիքն է» փաթաթանի մեջ, ինչպես փոստային սպամը գալիս է բովանդակալից նամակի տեսքով: Սպամի շատ կարեւոր հատկանիշն է նաեւ այն, որ այն հերքելու համար, ստիպված ես լինում բացատրել տարրական բաներ, որոնք թվում է, թե ցանկացած հոմո սապիենսը, եթե չասենք նույնիսկ հոմո էրեկտուսը կարող է ինքնուրույն հասկանալ: Եթե կան երկու կողմ, որոնք բանակցություն են վարում, ապա մեծ հավանականությամբ նրանից միջեւ կան խնդիրներ՝ սկսած մանր տարաձայնություններից, մինչեւ արմատական: Այլապես պարզ չէ էլ ինչո՞ւ է պետք բանակցել: Հո ընկերներն իրար հետ չե՞ն բանակցում, բանակցում են՝ հակառակորդները ընդհուպ մինչեւ երկու թշնամական՝ պատերազմող կողմ: Բանկացում են նույնիսկ ահաբեկիչների հետ: Հայկական եւ ադրբեջանական կողմերը, որոնք իրար հետ բանակցում են, իրար հակառկորդներ չե՞ն մնում, չե՞ն շարունակում իրար կոչել «փիս» բառերով: Բանակցությունը նույն հակամարտությունն է, պարզապես հակամարտություն այդ դեպքում ուժային լուծման դաշտից տեղափոխվում է խոսքի դաշտ, բայց հիմքում ունենալով նույն ուժային բալանսը, որը ձեռք է բերվել բանակցության սկզբի պահին: Պարզ է, որ բանակցությունն ունիվերսալ համադարման չէ՝ կյանքում եւ պատմությունում իրենց տեղն ունեն թե՛ ուժային, թե՛ ոչ ուժային մեթոդները: Սովորաբար երկու կողմերը բանակցում են կամ ուժին դիմելուց առաջ, կամ ուժին դիմելուց հետո: Վերջին դեպքում, բանակցության սեղանի շուրջ հակառակորդները նստում են, երբ կողմերից մեկին կամ երկուսին միաժամանակ պարզ է դառնում, որ հարցի լուծման ուժային ռեսուրսը չի հերիքում: Հիմա մեր մոտ դասական իրավիճակ է, երբ առնվազն կողմերից մեկը՝ իշխանությունը, փաստացի ընդունում է, որ ուժային ռեսուրսը չի հերիքում ընդդիմությանը մեջտեղից վերացնելու համար, եւ նա ստիպված է բանակցել մի ուժի հետ, որին նա կոչել է պետության հիմքերը խախլող, ապակառուցողական, դավադիր, թուրքի գործակալ, մութ ուժերի շահերը սպասարկող, որին արժանի է համարել գնդակահարության եւ ձերբակալության: Հիմա դուք ասեք` արժե՞ր որ այս տարրական, դպրոցականին իսկ պարզ բաները բացատրեի, որպեսզի ձեր ասած «շատերը», որոնք հանդես են գալիս ոչ թե դպրոցականի, այլ կներեք արտահայտության համար, «քաղաքագետի» եւ այլ նման կոչումներով, հասկանան այս ամենը: Կարծում եմ` նրանք նպատակ էլ չունեն որեւէ բան հասկանալու, քանզի սպամերի նպատակը բովանդակությունը չէ, հասկանալ ու բացատրել չէ, այլ հենց սպամը:

-Կարծիք կա, որ երկխոսությունը կկարևորվի, եթե այն պետության զարգացման, հասարակական կյանքի հետ կապված խնդիրների առաջադրի, բայց այսօր դա չկա:
-Չգիտեմ`ո՛վ է այդպես կարծում, բայց եթե կա այդպես կարծող, ապա սա նույն սպամի պատմությունն է: Իմ տեսակետն արդեն ասացի՝ Սահմանադրությամբ նախատեսված իշխանական մարմինների ձեւավորման հիմնական ու միակ մեխանիզմի՝ ազատ ու արդար ընտրությունների անցկացումից ավելի կարեւոր խնդիր չկա այսօր մեր երկրում: Մյուս խնդիրները սրա ածանցյալն են: Սրա մասին բազմիցս է խոսվել ու տարբեր կողմերից ապացուցվել: Իհարկե, այնպես չէ, որ հենց արդար ընտրություն եղավ, Հայաստանը կդառնա Շվեյցարիա: Բայց եթե Հայաստանը գոնե մի 50 տարի անց պետք է դառնա Շվեյցարիա, ապա առաջին քայլը օրինականության վերականգնումն է, իսկ օրինականությունը մեր Սահմադրությամբ հիմված է ազատ ընտրության իրավունքի վրա: Կարծում եմ`այսօրվա բանակցության օրակարգը շատ հստակ է ներկայացված՝ արտահերթ ընտրություններ: Եվ դա նաեւ մարտավարական առավելություն է, որովհետեւ այս դեպքում շատ դժվար է կոնկրետությունից խուսափել եւ հասարակությանը խաբել: Իսկ ի՞նչ է , պետք է նստեին ասֆալտի որակի կամ մարշրուտկեքի գծերի մասին երկխոսեին: Այդ դեպքում դա կլիներ արդեն պարզապես գյալաջի եւ հասարակական վստահության ռեսուրսի սպառում: Այնպես որ բարեւեք այդ կարծիքը հայտնողներին ու ասեք, որ Հրանտն ասեց, ուղևորվեք Կոմի հանրապետության մայրաքաղաք ձեր կարծիքներով:

-Հրանտ, այնուամենայնիվ, իշխանությունը կունենա՞ այդ քաջությունը գնալ արտահերթի:
-Եկեք դադարենք վերջապես խոսել այդ տնական հոգեբանական եզրաբանությամբ: Պատմական եւ քաղաքական գործընթացները շատ հազվադեպ են բացատրվում միայն ինչ- որ մեկի ցանկություններով կամ հոգեբանական որակներով: Խնդիրը ոչ թե ինչ-որ մեկի ուզել կամ չուզելն է, քաջությունը կամ վախկոտությունը, այլ առարկայական գործոնները նախ եւ առաջ: Հարցը պետք դնել այսպես՝ արդյո՞ք բավականաչափ ռեսուրս ունի իշխանությունը խուսափելու համար ընդդիմության կողմից առաջարկվող լուծման ընդունումից: Եթե ռեսուրս ունենա, բնական է, որ կխուսափի, բա չէ, մեր սիրուն աչքերի համար արտահերթ ընտրությունների կգնա: Մի հատ էլ կոֆե կդնի ու կգնա տուն: Պետք է վերլուծել ոչ թե սիրուն աչքերի, այլ ռեսուրսների, գործոնների, մանեւրի հնարավորությունների մակարդակով: Իսկ այդ գործոնները բազմաթիվ են, ու բնական է, որ մինչեւ վերջ հաշվարկելի չեն: Սակայն մի բան շատ կարեւոր է: Որքան ավելի մեծ լինի հասարակական համախմբումը, այնքան ավելի քիչ մանեւրի դաշտ կունենա իշխանությունը, այնքան ավելի անխուսափելի կդառնա նրա կողմից համաձայնության գալը ընդդիմության հետ: Վերջին ամիսների փորձը ասվածիս վկայությունն է: Կարո՞ղ են ասել իշխանությունը քաջություն ունեցավ ազատել քաղբանտարկյալներին, թույլատրել հանրահավաքները Ազատության Հրապարակում: Եթե քաջություն ուներ, ինչու առաջ դա չէ՞ր անում: Եվ այս ամենը հետեւեց ձմեռային ու գարնանային հանրավաքների շարքին, որոնց վերջին շրջանի համար աննախադեպ քանակի մարդ հավաքվեց: Սա՛ է խնդիրը՝ իրականությունը բացատրել առարկայական գործոններով, այլ ոչ թե վիպական պատումներ հյուսել չարի ու բարու, քաջերի ու վախկոտների եւ այլնի մասին:
Սիրանույշ Պապյան

No comments: