Monday, August 22, 2011

Սեյրան Օհանյան. Հայաստանը քանակին որակ է հակադրել եւ հաղթել

«Այն, որ մեր հարեւաններն ունեն որոշակի քանակական առավելություն, երբեւիցե մեզ չպետք է մտահոգի, որովհետեւ այդ քանակական առավելությունը դեռեւս 88-ից հետո եւ 1992-94թթ. լայնածավալ պատերազմի ժամանակ մենք տեսել ենք եւ մեր մարտական ոգով, բարոյական, կամային բարձր հատկանիշներով, նաեւ զինվորականների պատրաստության որակական չափանիշներով կարողացել ենք հակադրել մեր ունակությունները նրանց քանակական առավելություններին ու հաղթանակի հասնել»։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Այդ քանակական առավելություններին այսօր մենք հակադրում ենք մեր մարտունակության աստիճանը։ Միայն ու միայն մարտունակությամբ կարող ենք ապահովել գերազանցությունը մեր հարեւանների բանակների նկատմամբ։ Այսօր զինված ուժերի առջեւ խնդիր է դրված գերազանցության հասնել ոչ թե «բավարար» կամ «լավ», այլ միմիայն գերազանց ծառայությամբ»,- նշել է նախարարը։
Նախարարը նաեւ ներկայացրեց զինված ուժերում տարվող աշխատանքները։ Մասնավորապես իրականացվել է պաշտպանական ռազմավարական վերանայում, կազմվել են զինված ուժերի զարգացման պլան, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլաններ, եւ այդ ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական՝ թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ ծրագրերի իրականացման շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս տարի «Բազե» համահայկական հավաքին 42 ջոկատների կազմում մասնակցում է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ներկայացնող ջոկատը, որն արդեն անցկացված մշակութային, մարզական մրցույթներում բավականին հաջողությունների է հասել։ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ջոկատն աչքի է ընկել նաեւ «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղում։
«Բազե-2011» համահայկական երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին՝ ժամը 21.00-ին, Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով։

No comments: