Monday, August 22, 2011

Ապստամբները գրավել են Տրիպոլին

Tert.am. 22-8-2011- Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, լիբիացի ապստամբները գրավել են մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը։ Կադաֆիին հավատարիմ ուժերը դիմադրություն են ցույց տալիս միայն Բաբ Էլ–Ազիզիա թաղամասում, որտեղ գտնվում է նրա նստավայրը։ Ապստամբները հարձակումն իրականացրել են և արևմուտքից, և արևելքից, որոշ ուժեր քաղաք են մտել ծովից։
Ապստամբներն արդեն Տրիպոլիի գլխավոր՝ Կանաչ հրապարակում են, որտեղ տոնում են իրենց հաղթանակը Կադաֆիի դեմ պատերազմում։ Արդեն գրավված Տրիպոլիում նրանք այրում են կադաֆիական Լիբիայի դրոշն ու նրա պատկերները։ Քաղաքում վերականգնվել է ինտերնետային հաղորդակցությունը։
Կառավարության ներկայացուցչի խոսքով ապստամբների գրոհի ժամանակ քաղաքում զոհվել է ավելի քան 1300 մարդ, որոնց զգալի մասը ՆԱՏՕ–ի ռմբահարության հետևանքով։
Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները հաստատել են Մուամար Կադաֆիի որդու՝ Սեյֆ Ալ–Իսլամի ձերբակալության փաստը։ Սեյֆ Ալ–Իսլամը, ինչպես նաև նրա՝ ապստամբներին կամավոր հանձնված եղբայր Մուհամմադը ներկայումս գտնվում են տնային կալանքի տակ։
Վերջին իրադարձություններին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով կոչ է արել Կադաֆիին ընդունել պարտությունն ու հեռանալ, հետագա արյունահեղությունը կանխելու համար։ Նա նաև ապստամբներին կոչ է արել խուսափել զոհերից և պահպանել ժողովրդավարական սկզբունքներ։

No comments: