Wednesday, August 17, 2011

Սերժ Սարգսյանի յուրօրինակ շախմատը

«Լրագիր» 16-8-2011- Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ լուրջ քաղաքականություն են անում, շախմատ են խաղում, տեսակետ կար, որ այդ խաղում, մանավանդ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղալու էր սպիտակներով, իշխանությունը որեւէ շանս չէր ունենա:
Այնուհետեւ սկսեց երկխոսությունը: Կոնգրեսի եւ իշխանության պատվիրակների միջեւ արդեն չորս հանդիպում է եղել, եւ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը սեւերից անցել է սպիտակներով խաղին:
Սերժ Սարգսյանը բավական ինքնատիպ է խաղում: Օրինակ, նա իր պատվիրակությանն ուղարկել էր բանակցության ընդամենը բանավոր երաշխիքով, որ այդ պատվիրակությունը ներկայացնում է նաեւ իրեն, սակայն այդպես էլ չհստակեցնելով դրա կարգավիճակը: Երկրորդ, նա «իրեն ներկայացնող» պատվիրակներին չի ասել, թե ինչ խոսեն բանակցության ժամանակ, այդպիսով անորոշության մատնելով իշխանության ճամբարը: Երրորդ, արդեն այսօրվա հանդիպմանը նա ցույց տվեց, որ ձգտում է աստիճանաբար վերացնել հրապարակայնությունը բանակցության գործընթացից:
Կոնգրեսը մինչ այդ հայտարարում էր, թե կողմ է հրապարակային բանակցության եւ պահանջում էր ուղիղ եթերով հեռարձակում: Այսօրվա հանդիպումից հետո Կոնգրեսի ու կոալիցիայի պատվիրակությունների համակարգողներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը հայտարարեցին, թե պայմանավորվել են որեւէ մեկնաբանություն չանել օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ ձերբակալվել ու բռնության էին ենթարկվել Կոնգրեսի ակտիվիստները:
Թվում է, սա կապ չունի հրապարակայնության հետ, եւ ընդամենը “մասնավոր” մի խնդրի շուրջ պայմանավորվածություն է: Սակայն, ամեն ինչ սկսում է հենց “փոքր հարցերից”. մի անգամ զիջելով, ձնագունդը գլորվում է անկասելի:
Սերժ Սարգսյանն, այսպիսով, փորձում է քայլ առ քայլ զիջումներ կորզել, միաժամանակ անորոշության մեջ պահելով իշխանական ճամբարը, որպեսզի այստեղից որեւէ անակնկալ չլինի: Ըստ այդմ, այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտելով, թե որն է իր ուզածը երկխոսությունից, ինչի է ձգտում ինքը: Դա պարզ կդառնա թերեւս այն ժամանակ, երբ բոլորը կհայտնվեն պատի, ցուգցվանգի ու ցայտնոտի առջեւ:

Հայկ Արամյան

No comments: