Saturday, August 13, 2011

Դրամբյանը ցանկանում էր հանդիպել պաշտպանության նախարարին

Tert.am. 13-8-2011- Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա հարձակում գործած և սպանված ահաբեկիչ Կարեն Դրամբյանի ընկեր Սերգեյ Սերեդենկոն կարծիք է հայտնել, որ նա ցանկացել է հանդիպել նախարար Մարտ Լաարին։ Նա գտնում է, որ Դրամբյանին հանցանք գործելուն դրդել է հուսահատությունը։
«Կարծում եմ, որ Կարենը ծայրահեղ հուսահատության է հասել իր կյանքի ներկայիս և երկրի ներքաղաքական իրավիճակից։ Ուշադրություն դարձրեք, նա իրավաբան է, հասարակության էլիտան, քաղաքային խորհրդարանի բազմակի անդամ։ և երբ էլիտայի ներկայացուցիչը նման քայլի է գնում, ապա դա շատ լուրջ ահազանգ է», – Սերեդենկոյի խոսքերը մեջբերում է Актуальная камера-ն։
Նա շեշտել է, որ Դրամբյանը հենց պաշտպանության նախարար Մարտ Լաարի մոտ էր գնում, որպես հասարակական չարիքի մարմնավորում։
Դրամբյանն ու Սերեդենկոն Մաարդուի օրենսդիր ժողովում գործընկերներ են եղել, սակայն հեռացել են միմյանցից երբ Դրամբյանը միացել է Միացյալ ձախ կուսակցությանը։ Պատգամավորական գործունեությանը զուգահեռ նա փաստաբան է եղել։ Նրա ֆինանսական վիճակը շատ ծանր է եղել, իսկ հարձակման նախօրեին դատական հարկադիր կատարողները նրա տունը վաճառել են պարտքերի համար։

«Ըստ էության նա սնանկ էր, ընդ որում ոչ իր մեղքով։ Այդպես էին դասավորվել ընտանեկան հանգամանքները։ Եվ տագնապալի ահազանգ է այն, որ նման մարդիկ աջակցություն չեն գտնում հասարակության մեջ», – նշել է Սերեդենկոն։

Որպես փաստաբան Դրամբյանը զենք կրելու իրավունք է ունեցել և մի քանի ամիս առաջ ոոստիկանների ուշադրությունը գրավել է մի միջադեպով, երբ իր տանը կրակել է անկոչ հյուրի վրա։

«Նրա բնակարանում կրակողներ էին եղել։ Եվ հիմա, երբ ոստիկանությունը հայտարարում է, որ վերահսկել է նրան, ես կասկածում եմ։ Մարդն արդեն այն ժամանակ ծայրահեղ վիճակում է եղել և առաջնահերթ պետք էր նրան զրկել զենքից ու այն կրելու արտոնագրից», – կարծիք է հայտնել Դրամբյանի ընկերը։

«Կարենն առանձնանում էր արդարության սուր զգացողությամբ, շատ ծանր էր տանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ռուսախոս բնակչության հանդեպ իշխանությունների խտրական քաղաքականությունը, ռուսական համայնքի անմիաբանությունը», – Piter TV-ին հայտնել է Դրամբյանի մեկ այլ մտերիմ Լարիսա Նեշադիմովան։

Նա համոզված է, որ հայազգի փաստաբանը նպատակ չի ունեցել սպանել ինչ որ մեկին, այլ իր քայլով փորձել է ուշադրություն գրավել էստոնական իշխանությունների՝ ռուսախոս բնակչության նկատմամբ իրականացվող քաղաքականության վրա։

Էստոնիայի ռուսախոս համայնքի պնդմամբ ներկայիս պաշտպանության նախարար Մարտ Լաարի՝ կառավարությունում եղած ժամանակ երկրում խտրական օրենքներ են ընդունվել ոչ էստոնական բնակչության և ազգային լեզվի մասին։

No comments: