Sunday, August 21, 2011

ՀՅԴ-ն սկզբունքի ու քվոտայի միջեւ

«Լրագիր» 20-8-2011- 20ԱՄՆ Արևմտյան Ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն ծանր մեղադրանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին: Կալիֆոռնիայի դաշնակցականները հրաժարվել են մասնակցել Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված ընդունելությանը, որը պետք է տեղի ունենա Լոս Անջելեսում “Սերժ Սարգսյանի պատվին”: ՀՅԴ-ն մեղադրել է Սարգսյանին, որ երկիրը հասցրել է ամայացման և սոցիալական ֆիասկոյի, ղարաբաղյան հակամարտությունում և Թուրքիայի հետ հարաբերություններում զիջել է դիրքերը և արժեզրկում է անկախության գաղափարը:
Հայ դատի և ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանն արդեն հասցրել է հայտարարել, որ Հայաստանի դաշնակները համաձայն չեն այդ դիրքորոշման հետ և չեն կարծում, որ անկախության 20 ամյակը կարելի է օգտագործել նման հայտարարությունների համար: Իր հերթին Ամերիկայի դաշնակները կարծում են, որ անկախության 20 ամյակը չի կարելի օգտագործել հեղինակազուրկ նախագահին պատվելու համար: ՀՅԴ ԱՄՆ կենտկոմի հրաժարումը Սերժ Սարգսյանին աջակցելուց կարող է հետաքրքիր տրանսֆորմացիաների ազդանշան դառնալ:
Այն, որ Հայաստանի տնտեսական դժբախտությունների, օլիգոպոլիաների, “գողական օրենքների”, ժողովրդավարության իմիտացիայի արմատն ընկած է Ռուսաստանից Հայաստանի իշխանությունների կախվածության մեջ, որտեղ պահպանվում է արատավոր խորհրդային ավանդույթները, մեկ անգամ չէ, որ ասվել է: Բազմիցս խոսվել է նաև, որ Հայաստանի սոցիալական ու քաղաքական հոգեբանության փոփոխության մեջ մեծ դեր կարող է խաղալ արևմտյան սփյուռքը: Սակայն մինչ այժմ Սփյուռքը նախընտրել է չխառնվել Հայաստանի ներքին գործընթացներին, կուրորեն ճանաչելով ու ընդունելով նրա ղեկավարներին որպես հայրենիքի անձեռնմխելի խորհրդանիշերի:
Սփյուռքը բաժանված է կուսակցական սկզբունքով, և Դաշնակցությունը լուրջ ազդեցություն ունի Հայաստանից դուրս բնակվող հայերի վրա: Այդ ֆոնին Սերժ Սարգսյանին չպաշտպանելը հայկական իշխանություններին ավանդաբար աջակցող դաշնակցականների համակիր ամերիկահայերի կողմից կարող է ազդել Սփյուռքի ընդհանուր տրամադրվածության վրա: Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող են հայտարարել, որ իրենց պետք չէ ամերիկյան սփյուռքի քաղաքականությունը, և նրանք որոշակիորեն ճիշտ կլինեն, որովհետև արդեն քանի տարի է, որ հայկական իշխանությունների “գրպանը” ոչ թե արևմտյան, այլ ռուսաստանյան հայ մեծահարուստներն են: Սակայն սա հարցի միայն մի կողմն է:
Մյուս կողմը հենց Դաշնակցության հետ հարաբերություններն են: Վերջին տարիներին կուսակցության ղեկավարությունը, որը տեղափոխվել է Երևան, սերտաճել է իշխանությանը` ստանալով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական քվոտաներ: Քանիցս կարելի էր տեսնել, թե ինչպես կուսակցության ղեկավարությունը, “աշխարհի դաշնակների” կամքին հակառակ, բացեիբաց պաշտպանում է հայկական իշխանություններին: Չնայած իշխող կոալիցիայից դուրս գալուն` ՀՅԴ-ն չպահանջեց նախագահի հրաժարականը և կտրուկ քայլերի չգնաց:
Նույնիսկ հայ-թուրքական հարաբերություններում դաշնակների պահվածքը Հայաստանում ավելի մեղմ էր, քան դրսում:
ՀՅԴ աջակցությունը, չնայած խորհրդարանում ոչ շատ տեղերին և ոչ այնքան մեծ ընտրազանգվածին, անհրաժեշտ է Հայաստանի իշխանություններին: Միեւնույն ժամանակ, Հայաստանի դաշնակները չէին ցանկանա զրկվել քվոտաներից և դուրս մղվել: ԱՄՆ ՀՅԴ ԿԿ հայտարարությունը հավանաբար հարցեր կառաջադրի նաև “տեղական” դաշնակներին: Նրանք կամ կհայտարարեն, որ կուսակցության տարբեր հատվածներ տարբեր դիրքորոշումներ ունեն, կամ էլ կասեն, որ համաձայն են ամերիկացի գործընկերների գնահատականներին:
Իսկ դա արդեն կարող է հանգեցնել իշխանության և ՀՅԴ միջև լրիվ ճեղքման, որն էլ կհանգեցնի սեփականության ու բիզնեսի վերաձևման: ՀՅԴ-ն կարող է ասել, որ ամերիկյան ԿԿ-ն ոչ մի նոր բան չի ասել, և տեղացի դաշնակները մեկ անգամ չէ, որ ասել են նույնը, նույնիսկ ավելի կոշտ կերպով: Սակայն ակնհայտ է, որ դա այդպես չէ` երևանյան դաշնակները չեն հրաժարվել մասնակցել միջոցառումներին Սերժ Սարգսյանի ներկայության պատճառով:
Տարբերակ կա, որ հայտարարությունը համաձայնեցված էր տեղական ղեկավարության հետ և արվել է որպես նախազգուշացում այն դեպքի համար, եթե իշխող կոալիցիան և ՀԱԿ-ը համաձայնության գան ու “կիսեն” խորհրդարանական տեղերը: Եւ ՀՅԴ-ն նախազգուշացնում է, որ չի լռելու:

Նաիրա Հայրումյան

1 comment:

Ռոբերտ Նազարյան said...

«Ճիշտ չենք գտնում Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի տոնական հանդիսավոր ճաշկերույթ կազմակերպելու նախաձեռնությունը: Անկախության տոնակատարությունը չի՛ կարող առիթ ծառայել փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարներ, այս պարագայում` մի նախագահ, որի վարած քաղաքականության հետեւանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել եւս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարութունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»:

Արևմտյան Ամերիկայի ՀՀԴ կոմիտեի որոշումը հիրավի դավաճանական է։
Դաշնակցություն կուսակցության ստեղծման գենետիկական ծագումնաբանությունը խանգարում է նրանց ճիշտ մտածել։ Նրանք իրենց նեղ կուսակցական շահը գերադասում են Հայաստանի պետականության ամրապնդման շահից։ Նրանք, մոտ 40 տարի առաջ, նույնպես դավեցին Գուրգեն Յանիկյանին։ Դաշնակցություն կուսակցությունը կարող է բուժվել, բայց դրա համար նա պետք է դուրս գա միջազգային սոցիալիստական կազմակերպությունից և իր կենտրոնական բյուրոն տեղափոխի Հայաստան կամ Արցախ։ Ինչպես նաև պետք է բացի իր կուսակցական արխիվները և կալանքից ազատի Նժդեհի և մյուս Հայ հերոսների ձայնաերիզները, տեսահոլովակները և այլ փաստաթղթեր։

Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

Ռոբերտ Նազարյան
robert@nazaryan.com