Wednesday, August 17, 2011

Համահայկական խաղերի ֆինանսական կողմը

News.am. 17-8-2011- Համահայկական խաղերը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի եւ Սփյուռքի մերձեցման գործում: Սակայն փաստ է, որ տարեցտարի դրանց կազմակերպման նպատակով ավելի շատ գումարներ են ծախսվում: Եթե երկրորդ համահայկական խաղերի կազմակերպման նպատակով պետբյուջեից հատկացվել էր ընդամենը 23.8 մլն դրամ (մոտ 64 հազ. դոլար), ապա 2011 թ. 5-րդ համահայկական խաղերին հատկացվել է արդեն 80 մլն դրամ (մոտ 220 հազ. դոլար): Ընդ որում` կառավարությունը չի հոգում թիմերի ժամանման եւ կեցության ծախսերը: Պատվիրակությունների մեծ մասի ծախսերը հոգում են բարեգործական կազմակերպությունները եւ հովանավորները:
Հատկանշական է, որ խաղերին մասնակցող քաղաքների թիվն անշեղորեն աճում է, իսկ ժամանած մարզիկների թիվը գրթե անփոփոխ է: Որպես կանոն` համահայկական խաղերին մասնակցում է մոտ 3000 մարզիկ, սակայն եթե առաջին համահայկական նխաղերին մասնակցելու էին եկել աշխարհի 30 քաղաքներից, ապա 5-րդին` արդեն 80 քաղաքներից:
Այս տարի ժամանող մարզիկների համար չեղյալ են հայտարարվել մասնակցության վարձը, ինչպես նաեւ` մաքսային սահմանն անցնելու համար նախատեսված մուտքի արտոնագրի վճարը: Սա մոտ 15 հազ դրամի խնայողություն է սփյուռքահայ մարզիկների համար:
Այս օրերին Հայաստան ժամանող պատվիրակությունները, միջին հաշվարկներով, մեր երկրում կծախսեն մոտ 2-3 մլն դոլար: Այս առումով` Համահայկական խաղերը կարելի է նաեւ շահութաբեր համարել: Համենայնդեպս` հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսը, հուշանվերների առեւտուրը հաստատապես կշահեն: Թեեւ սփյուռքահայ մարզիկների համար տհաճ անակնկալ կարող է լինել այն, որ Երեւանի առաջնակարգ հյուրանոցներում համարների գները տատանվում են օրական 50-100 հազար դրամի սահմաններում: Սակայն նույնիսկ այս բարձր գների պարագայում որոշ հյուրանոցներում արդեն իսկ բոլոր, կամ համարյա բոլոր համարները զբաղված են: Օրինակ` «Գոլդեն Թյուլիփում» ազատ համարներ չկան մինչեւ օգոստոսի 24-ը, իսկ «Անի պլազայում» ասացին, որ երկտեղանոց ընդամենը 2 ազատ համար ունեն, որ կարող է չլինել արդեն 1 ժամից:

No comments: