Wednesday, August 3, 2011

Մոսկվան պատերա՞զմ է ուզում

«Լրագիր» 3-8-2011- Ռուսաստանյան այսպես կոչված փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակները իսկական գրոհ են սկսել Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Այս քարոզչական գրոհի էությունը հետեւյալն է` եթե կողմերը չեն ընդունում ՌԴ նախագահ Մեդվեդեւի առաջարկները, ապա հնարավոր է պատերազմի վերսկսում:
Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ավարտվեց անարդյունք, ըստ պաշտոնական վարկածի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մերժման պատճառով: Ալիեւը այդ հանդիպումից հետո ներկայացրեց առաջարկվող փաստաթղթում 10 փոփոխություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, ներառվել են Մեդվեդեւի նոր առաջարկներում: Դա է վկայում Բաքվի դրական վերաբերմունքը նոր փաստաթղթին: Ըստ այդմ, նման փաստաթուղթը չի կարող դրական ընդունվել հայկական կողմից, քանի որ բոլորին է հայտնի Բաքվի պաշտոնական դիրքորոշումը:

Ստացվում է տպավորություն, որ Մոսկվան ամեն անգամ առաջարկում է այնպիսի փաստաթուղթ, որն անընդունելի է հակամարտության կողմերից մեկի համար: Դրա իմաստը կարող է լինել հետեւյալը` կողմերին հրել ռազմական բախման, մեծացնելով դիմակայության աստիճանը եւ ռազմական հռետորաբանությունը: Ինչը նկատելի է ներկայում:

Ինչու է Մոսկվային անհրաժեշտ պատերազմը: Դրա պատասխանը, որն ըստ էության նորություն չէ, հստակ բանաձեւել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում. “Եթե Ռուսաստանը գործընթացի շրջանակներում կարողանա հակամարտության գոտում տեղակայել իր զորքերը, ապա դա լավ կլինի նրա համար: Ռուսաստանը դա միշտ է ցանկացել, սկսած 1994 թվականից»:

Ռուսաստանը անխուսափելիորեն կորցնում է Կովկասը, չնայած Հայաստանում նրան է պատկանում ողջ ենթակառուցվածքը, տնտեսությունը, քաղաքական համակարգը, ինչպես նաեւ տեղակայված է ռազմական բազան, ինչպես նաեւ` Ղարաբաղյան կարգավորման “բանալին”, ինչում համոզված են Մոսկվայում եւ Երեւանի քաղաքական շրջանակներում: Կովկասը չկորցնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է զորք մտցնել հակամարտության գոտի, մանավանդ Ղարաբաղի` Իրանի հետ սահմանակից տարածքները: Ըստ էության, Ղարաբաղյան խնդիրը մինչ օրս չի լուծվել նաեւ այն պատճառով, որ կարգավորման շահագրգիռ կողմերը` ԱՄՆ, Եվրոպան եւ Ռուսաստանը, համաձայնության չեն գալիս հենց այսպես կոչված խաղաղապահ զորքի կազմի հարցում: Առավել եւս, Արեւմուտքը թույլ չի տալիս ռուսական ռազմական դոմինանտությունը հետկարգավորման շրջանում: Փաստացի, իր նպատակն իրագործելու համար միակ ելքը մնում է պատերազմը:

No comments: